Մատչելիության հղումներ

Վերաքննիչի որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի գործով քննիչները գրականգետի տունը անհիմն են խուզարկել


«Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի գործով քննիչները գրականգետի տունը խուզարկել են անհիմն, ապօրինի: Վերաքննիչ դատարանն է օրեր առաջ որոշել, ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը, նրա խոսքով.- «Սա զանազան, զարմանազան խախտումների շքերթում հերթական խախտումներց մեկն էր: Այս գործով մենք այլևս չենք զարմանում խախտումներից»:

«Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին», -Սամվել Կարապետյանի այս խոսքերը վերլուծելու համար գրականագետ Վանո Եղիազարյանը քննչական խմբի թիրախում է հայտնվել:

Քննչականն այն ներկայացնում է իշխանությունը բռնի զավթելու կոչ ու բանտարկել է գործարարին: Գրականգետը վերլուծել ու եզրակացրել է՝ այս մեկնաբանությունում կոչ չկա: Մասնագիտական կարծիքի համար նրան է դիմել փաստաբանական թիմից Ռուբեն Հակոբյանը:

«Այդտեղ չի էլ կարող կոչ լինել, դա բոլորի համար հասկանալի է ի սկզբանե: Ուղղակի այս գեղարվեստական մեղադրանքը դեռևս փորձում են առաջ տանել, բայց, ֆիասկո են ապրելու», - շեշտում է փաստաբանը:

Մեկ ամիս առաջ քննիչները գրականագետի տունը խուզարկել են, հեռախոսն ու համակարգիչը առգրավվել: Խուզարկությունից օրեր անց նա դիմել էր Վերաքննիչ դատարան: Թե՛ քննիչների արածի, թե՛ դատարանի որոշման մասին գրականագետը դեռ չի ցանկանում խոսել:

«Խուզարկության որոշումը, որը կայացվել էր առաջին ատյանի դատարանի կողմից, հատուկ վերանայման կարգով բողոքարկվել էր և Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը: Այսինքն՝ փաստվեց ևս մեկ անգամ, որ առնվազն այս քրեական վարույթի շրջանակում բնակարանի անձեռնմխելիության կոնվենցիոն սահմանադրական սզկբունքը վարույթ իրականցնող մարմնի համար առոչինչ է»,- նշում է փաստաբանը:

Բացի Վանո Եղիազարյանից, երկու գրականագետ ու լեզվաբան Նարինե Դիլբարյանն էլ է մասնագիտական եզրակացություն տվել փաստաբանական խմբին, որ այստեղ կոչ չկա: Քննչականը նրանց էլ է թիրախավորել:
Մեկ ամիս առաջ այս մասնագետներին էլ ժամերով հարցաքննել են:

«Ես ներկայացրել եմ կարծիք, որտեղ լեզվաբանորեն հիմնավորել եմ, որ խոսքային այդ շղթան շարահյուսական և ձևաբանական ու ոճաբանական տեսանկյունից չի ենթադրում կոչ, այսինքն՝ չի ենթադրում երկրորդ կողմի առկայություն, որը կդիմի ինչ-որ գործողությունների, ինչը հետագայում մեղսագրվել է իրեն: Ի դեպ, հետաքրքրվում էին, թե ինձ ուղղորդել են, անկեղծ ասեմ՝ ինձ համար դա շատ վիրավորական էր», - դոցենտ Դիլբարյանը հարցաքննությունից հետո «Ազատությանը» պատմել էր, որ քննիչներին ոչ թե հետաքրքրել է իր մասնագիտաական կարծիքը որքանով է հիմնավորված ու օբյեկտիվ, այլ արդյոք իրեն ուղղորդել են:

Փաստաբան Հակոբյանն իր պրակտիկայում չի հիշում նախադեպ, որ որեւէ քրեական գործով քննիչները կարծիքի հեղինակներին այսպես թիրախավորվեն: Նրա կարծիքով՝ ճնշելու, վախեցնելու նպատակով են արել:

«Եթե նախաքննական մարմինը գտնում էր, որ դա հիմնավորված հետևություն չի, կարող էին այլ մասնագետների դիմել կամ կարող էին փորձաքննություն նշանակել և փորձագետի եզրակացություն ստանալ: Բայց իրենք լավ են հասկանում, որ այդ տեքստը, որն արտահայտվել է Սամվել Կարապետյանի կողմից, չի կարող նույնիսկ վառ երևակայության պայմաններում գնահատվել որպես իշխանութունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչ»,- ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

Միլիրարդատեր Կարապետյանը ութ ամիս է՝ կալանավորված է: Նա մեկուսարանում հայտնվեց, երբ հայտարարեց, թե պատրաստ է իր ձևով պաշտպանել եկեղեցուն: Փաշինյանը դրանից անմիջապես հետո հրապարակային սպառնաց՝ ընդմիշտ պասիվացնել հոգևորականների բարեգործներին: Նույն օրը ոստիկանները շրջապատեցին գործարարի առանձնատունը:

Քննչականի պետը գործադիրի ղեկավարի հրապարակային գրառումները չի համարում ուղղորդում ու վստահեցնում է, թե քաղաքական հրահանգ չեն կատարում: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեաղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ է:

XS
SM
MD
LG