Գառնիի համայնքապետարանի աշխատակիցները տարակուսած են՝ ինչո՞ւ են իրավապահները քրեական գործ հարուցել իրենց գործընկերոջ մի նախադասության համար, որն Էդվարդ Ստեփանյանը հնչեցրել էր մոտ մեկ ամիս առաջ գյուղի եկեղեցու բակում:
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող վարչապետի մասնակցությամբ Գառնիի եկեղեցում պատարագի ժամանակ իշխանական կուսակցության լրատվամիջոցի՝ Civic.am-ի լրագրողն էր մոտեցել եկեղեցու բակում հավաքվածներին, հարց տվել, թե ի՞նչ պիտի լինի, որ կաթողիկոսը հեռանա: 70-ամյա Էդվարդ Ստեփանյանն էլ հարցի լուծման իր տարբերակն էր ասել էկրանի առջև, նրա խոսքը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում:
Համայնքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ տնտեսության աշխատակցին այսօր գյուղում «Ազատությունը» չհանդիպեց, աշխատանքի մեջ է, ասացին գործընկերները, ջրի վթար է վերացնում սարերում: Խոսք է, ասել է, հո չէ՞ր ասում՝ «գնամ, կաթողիկոսին վնասեմ»՝ մանկության ընկերոջն է պաշտպանում Արտաշես Գրիգորյանը. «Պարկեշտ, հրաշալի ընկեր, լավ մարդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, նորմալ տղա, նորմալ ընտանիք»:
Իրավապահները, որ ընդդիմադիրների շուրթերից հնչեցրած նմանատիպ արտահայտությունների դեպքում արագ են արձագանքում, երկու շաբաթ անց էին վարույթ նախաձեռնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հոդվածով: Ու սրանից երկու շաբաթ անց էլ քննությունը շարունակում են առանց մեղադրյալի: Ստեփանյանին դեռ չեն էլ հարցաքննել, ինչու, պնդում են՝ քննությունը դեռ ընթացքի մեջ է:
Ընդդիմադիրների փաստաբան Ռուբեն Մելիքյանը բազմիցս է պնդել՝ մարդուն խոսքի համար չպետք է դատեն: Բայց մեկ է՝ համարում է, որ սա խտրական արդարադատություն է. «Քրեական վարույթ նախաձեռնելը ոչինչ է, եթե դրան չեն հետևում արդյունավետ վարույթային գործողություններ, քննչական գործողություններ: Սա այն դեպքն է, որ մեկ օրվա դեպք է, մեկ օրվա քննելու հարց է»:
Փաստաբանի խոսքով, եթե Էդվարդ Ստեփանյանն այս արտահայտությունը հնչեցներ որևէ իշխանականի հասցեին, նրան անմիջապես բերման կենթարկեին, մեղադրանք կառաջադրեին ու գործն արագ կուղարկեին դատարան:
«Նախ վարույթը կհարուցվեր շատ շուտ, ավելի շուտ քան 10 օրն է, անմիջապես բերման կենթարկեին, կհարցաքննեին որպես վկա և մեղադրանք կառաջադրեին: Չեմ ասում, որ կալանավորեին, բազմաթիվ են դեպքերը, երբ կալանքի հարց չեն բարձրացնում, բայց այն, որ կիրառվեր առնվազն բացակայելու արգելք խափանման միջոցը, փաստ է տասնյակից ավելի օրինակներով», - նշեց Ռուբեն Մելիքյանը:
Իր նշած սցենարով Մելիքյանը տասնյակ դեպքեր գիտի. օրինակ, վանաձորցի Սարգիս Բասենցյանը, որն արդեն պատիժը բանտում կրել է բռնության կոչ հնչեցնելու համար: Կամ էլ 72-ամյա Ռաֆայել Սարգսյանը, ով դեռ դատվում է նույն հոդվածով: Երկուսի խոսքերն էլ վարչապետի հասցեին էին:
Բայց գառնեցի տղամարդու դեպքում, փաստաբանի կարծիքով, իրավապահները շեղվել են այս սցենարից մի պատճառով. նա այդ խոսքերն ասել է ոչ իշխանականի, այլ մի մարդու հասցեին, որի դեմ ամիսներ շարունակ պայքարում է հենց ինքը՝ վարչապետը:
«Նաև այն, որ իրավապահ մարմինները առաջին անգամը չի, որ ասում ենք, բայց ցցուն օրինակ է, որ քաղաքական չեզոքությունից վաղուց են շեղվել», - ընդգծեց նա:
Իրավապահները հերքում են իրավապաշտպանների ու ընդդիմադիրների փաստաբանների այդ մեղադրանքներն ու պնդում՝ իրենք օրենքներով են շարժվում: