Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու՝ արդյոք Գառնիում վարչապետի մասնակցությամբ պատարագի եկած Գառնիի բնակիչներից մեկի արտահայտությունը Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հանցակազմ պարունակո՞ւմ է: Եթե դատախազությունը պարզի, որ կա հանցակազմ, ապա գործը կուղարկի Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու համար:
Իշխանական «Սիվիկ» լրատվամիջոցն էր հարցրել Գառնիի եկեղեցու բակում հավաքվածներին, թե «ի՞նչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», ի պատասխան նրանցից մեկն ասել էր՝ «Մի հատ քար խփեն գլխին՝ սատկացնեն»։
Լրատվամիջոցների տեղեկություններով, այս արտահայտության հեղինակը Էդվարդ Ստեփանյանն է: Նա, ըստ Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կոմունալ տնտեսության աշխատակից է, զբաղվում է ջրաչափերի հետ կապված սպասարկման աշխատանքներով: