Մատչելիության հղումներ

Բենզինն էժանացել է՝ ադրբեջանականի ներկրումից հետո


Ադրբեջանական ավելի էժան բենզինի՝ հայկական շուկա մուտք գործելուն զուգահեռ ներկրողից բացի վառելիք վաճառող մյուս խոշոր ընկերությունները ևս ավելի ցածր գներ են առաջարկում. եթե նոյեմբերին, մինչ Ադրբեջանից առաջին խմբաքանակի մուտքը մեկ լիտր ռեգուլյար բենզինը վաճառում էին 500-ից 510 դրամով, իսկ պրեմիումը 520-ից 550 դրամով, ապա այժմ ռեգուլյար տեսակը կարելի է ձեռք բերել 460-ից 470 դրամով, իսկ պրեմիումը 480-ից 490-ով:

Եթե հնարավոր էր միանգամից 30-ից 70 դրամով էժանացնել բենզինն, ինչո՞ւ ոլորտի խաղացողները, որոնց կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել, մինչ այս նման քայլի չէին դիմում, արդյոք սա չի՞ նշանակում, որ ավելի բարձր գինը՝ առնվազն այդ տարբերությունն արդարացված չէր և բիզնեսները պարզապես գերեկամուտներ էին ստանում:

Մեկ տարում Հայաստանն ավելի քան 200 հազար տոննա բենզին է ներկրում. հաշվենք՝ եթե մեկ լիտրը էժանացել է միջինը 40 դրամով, ապա տարվա ընթացքում տարբերությունն անցնում է 20 միլիոն դոլարը, եթե բենզինը չէժանանար հայաստանցիները ընդհանուր առմամբ տարեկան առնվազն այսքան գումար էին կորցնելու միայն վառելիք գնելու համար:

Արդյոք սա թալան չէ՞, դեռ որքա՞ն իջնելու տեղ ունեն ընկերությունները. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, որի ղեկավարած կառույցը փաստել էր՝ ոլորտը վերահսկող խոշոր ընկերությունները հակամրցակցային քայլերի են դիմում, այս պահին խնդիրներ չի տեսնում:

Ադրբեջանական ավելի էժան վառելիքը վաճառում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի բիզնես կոնցերտի մաս կազմող «Ռան օյլ» ընկերությունը։ Մյուս խոշորներն են CPS Energy Group-ը, Flash-ն ու Max Oil-ը։ Ըստ մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի 2022-ից սկսած ավելի քան 2,5 տարի շարունակ նրանք բենզինի գները ձայն ձայնի տված փոխել են։ Գները բարձրացրել են նույնիսկ այն դեպքում, երբ ինքնարժեքն իրականում նվազել է։

Այս գործողությունների համար կառույցը որոշել է բենզինի շուկայի խոշոր խաղացողներին տուգանել ընդհանուր 2.8 միլիոն դոլարով: Հենց այս հանձնաժողովը պետք է պայքարի մենաշնորհների դեմ. «Երբևիցե չեմ հիշում, չէ՞, որ ես հայտարարած լինեմ, որ գիտեք՝ բանի հարցը մենք կարողացել ենք լուծել, ընդհակառակը, մենք ասել ենք, որ էդ հարցը չենք կարողանում լուծել»:

Նախագահ Գեղամ Գևորգյանը թեև ընդունում է՝ իրենց չի հաջողվել բենզինի շուկան մրցակցային դարձնել, սակայն, խոշոր ընկերությունների վերաբերյալ կոշտ գնահատականներ չի տալիս:

«Տնտեսվարողները պետք է իրանց թանկով ձեռք բերած ապրանքը կարողանան վաճառեն և ստիպված սկսեցին ինչ-որ փոփոխությունների գնալ, այո, այդ ազդեցությունը նաև կա, միևնույն ժամանակ որոշակի հանգամանքներ, իհարկե, կա այդ ազդեցությունը, 100 հազար տոննա գա Ադրբեջանից 430-420 դրամով, էս մի տնտեսվարողը ստիպված է լինելու կա՛մ մինուսով աշխատել, կա՛մ ինչ-որ բան ինքը նախաձեռնի: Իհարկե մրցակցությունն այդտեղ ազդեցություն ունի», - ասաց Գևորգյանը:

Իր հայտարարություններում շատ ավելի կոշտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա անգամ սպառնում է շուկան վերահսկողներին. «Երբ որ Հայաստանի սպառողները տասնամյակներով տրիլիոնավոր դրամներ ավելի են վճարել էդ ամեն ինչի համար, ոչ մեկը դրա համար էսօր բացատրություն ու պատասխան չի ուզում տա, չնայած ես համոզված եմ, որ Հայաստանում հիմնադրված և գործող ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները կաշխատեն համբերատար և բոլոր էս հարցերին կտրվեն պատասխաններ»:

Վարչապետը, որը նախկինում պնդում էր՝ Հայաստանում մենաշնորհներ չկան, այսօր ընդունում է դրանց առկայությունը, մինչդեռ մենաշնորհների դեմ պայքարը հենց իր ղեկավարած թիմի գործն էր: Նույն այս ընկերությունները շարունակել են աճել իր կառավարման գրեթե 8 տարիների ընթացքում. սեփական պատասխանատվության մասին Նիկոլ Փաշինյանը որևէ բառ չի ասում. «Այն մենաշնորհները, որոնց մի ծայրը Հայաստանում էր, մյուսը՝ Հայաստանից դուրս, մեզ չէր հաջողվել մենաշնորհների էդ խնդիրները լուծել, և հիմա մեր բոլորի առաջ բենզինի և դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհները խաղաթղթերի տնակի նման մեր աչքերի առաջ քանդվում են»:

Մենաշնորհների դեմ պայքարը իշխանությունների գլխավոր խոստումներից է, 2018-ին ՝ հեղափոխությունից անմիջապես հետո վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ պետք է բացառեն նման դեպքերը: 8 տարի անց վարչապետը խոստովանում է՝ այս հարցում չեն հաջողել, ինչի հետևանքով Հայաստանի քաղաքացիները, ինչպես ինքն է ասում, տրիլիոններ են կորցրել:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG