Լեհաստանը չեղարկում է Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության թույլտվությունը: Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Նա ասել է, որ Մոսկվային պաշտոնապես կտեղեկացնեն մի քանի ժամվա ընթացքում։
Վարշավան այս որոշումը կայացրել է Վարշավա-Լյուբլին երկաթուղու հատվածներից մեկի պայթյունի դեպքից հետո։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է՝ ասելով, որ դիվանագիտական առաքելությունը փակելու միջոցառումը «երկկողմ հարաբերությունների լիակատար քայքայման դրսևորում է»: Նա հավելել է, որ Լեհաստանում տեղի ունեցած պայթյուններին ռուսական հետախուզության մասնակցության մեղադրանքները «լիովին անհիմն են»։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավա-Լյուբլին երկաթուղու հատվածներից մեկի պայթեցման համար պատասխանատու անձինք Ուկրաինայի երկու քաղաքացիներ են, որոնք գործել են ռուսական հետախուզական ծառայությունների հրահանգներով: