«Բաքուն շահագրգռված է» «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու» շուրջ աշխատանքների արագացմամբ՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապ ապահովելու համար, այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ կողմերը գոհունակությամբ հիշատակել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծել տարածաշրջանային կայունության, էներգետիկ անվտանգության և տրանսպորտային միջանցքների ընդլայնման ոլորտում համագործակցության ամրապնդման կարևորությունը:
Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Բաքու մեկնելուց առաջ Երևանում հանդիպել էր Հայաստանի ղեկավարներին։