«Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, մենք պատրաստ կլինենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
«Եթե մենք այս պահին կարգավորենք հարաբերությունները, մենք կվերացնենք Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ Հետևաբար, մենք կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության հնարավորությանը։ Մենք դա չենք ուզում», - Anadolu-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններում «չեն քննարկվում երկու հարց. մեկը՝ Զանգեզուրի միջանցքի հարցը, մյուսը՝ Հայաստանի սահմանադրության հետ կապված որոշակի հարցեր»: Նա նշել է՝ երբ այդ հարցերը լուծվեն և ստորագրվի վերջնական համաձայնագիրը, Թուրքիան կբացի իր սահմանները Հայաստանի հետ։
Ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո կարգավորման հարցով բանակցություններ սկսեցին: 2022 թվականի հունվարից երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել:
Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել՝ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ: