Իսրայելը դիմել է Միջազգային քրեական դատարանին՝ դատախազ Քարիմ Խանին Իսրայելի հետ կապված վարույթներից հեռացնելու և վարչապետ Բենյամին Նեթանյահուին և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու հրամանները չեղյալ համարելու պահանջով, հայտնում է Time of Israel-ը:
Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է «լուրջ մտահոգություններ առաջացնող տեղեկատվության և հաղորդագրությունների պատճառով, որ դատախազը գործել է անօրինական անձնական դրդապատճառներով՝ Իսրայելի դեմ կեղծ և անհիմն մեղադրանքներ առաջ քաշելու համար»։
Միջազգային քրեական դատարանը 2024-ի նոյեմբերին էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նրա կաբինետի արդեն նախկին անդամ՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարական տված Յոավ Գալանտի համար ձերբակալման օրդեր տվել՝ մեղադրելով նրանց ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ կապված Գազայում պատերազմի և 2023 թվականի հոկտեմբերյան հարձակումների հետ։