Կառավարությունը հաստատել է առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման նախագիծը, որը կուղարկվի խորհրդարան՝ անհետաձգելի ընթացակարգով քննարկման։
Այսօր նախագիծը կառավարության նիստում քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ համակարգը կներդրվի 2026-ի հունվարի 1-ից՝ առանց հետագա հետաձգումների։ «Երկու անգամ արդեն հետաձգել ենք՝ 2025-ի հունվարին և հուլիսին։ Այժմ հետաձգելու տեղ այլևս չկա», - նշեց նա։
Պետությունը կվճարի ապահովագրավճար մինչև 18 տարեկան երեխաների, 65 տարեկանից բարձր անձանց, 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցողների և անապահովության բալ ունեցող քաղաքացիների համար: Իսկ 200 հազար և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներից ամեն ամիս 10 հազար 800 դրամ կգանձվի պարտադիր ապահովագրական համակարգից օգտվելու համար:
«Համակարգը համընդհանուր է և ներառելու է բոլորին, սակայն առաջին փուլում չի ծածկի բոլոր առողջապահական ծախսերը։ Որոշ ծառայությունների դեպքում կցուցաբերվի մասնակի ֆինանսական աջակցություն»,- շեշտեց գործադիրի ղեկավարը։
Ապահովագրական ծառայությունների ցանկի հետ կարելի է ծանոթանալ Արմեդ հավելվածի միջոցով։
Քաղաքացիների բողոքները կդիտարկի հատուկ հանձնաժողով։ Հարցեր կարելի է ուղղել նաև Արմեդ համակարգի միջոցով։
Վարչապետը չբացառեց, որ համակարգի ներդրման ընթացքում խնդիրներ կարող են առաջանալ։ Ինչպես նախկինում, այս անգամ էլ ասաց, որ ծրագիրը պետք է հանդիպի իր պրոբլեմին, որպեսզի հնարավոր լինի լուծել այն: