Ռուսական զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում են իրականացրել Օդեսայի մարզի ուղղությամբ, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Նախնական տվյալներով՝ մեկ մարդ բեկորային վնասվածք է ստացել։
«Չնայած հակաօդային պաշտպանության ակտիվ աշխատանքին, վնասվել են քաղաքացիական էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ։ Հարվածների հետևանքով մի քանի էներգետիկ կայաններում բռնկվել են հրդեհներ, որոնք փրկարարներն օպերատիվ կերպով մարել են։ Վնասվել են նաև «ՈւկրԶալիզնիցիայի» պահեստները և վարչական շենքեր», - գրել է Կիպերը Տելեգրամում։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկացմամբ՝ փրկարարներն արդեն մարել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներում բռնկված հրդեհները։
Ուկրաինայի օդային ուժերի տվյալներով՝ գիշերային հարձակման ընթացքում ռուսական կողմը կիրառել է մոտ 119 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնց թվում՝ Shahed, Geran և այլ մոդելներ։ Նախնական տվյալներով՝ հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է դրանցից 53-ը՝ երկրի հյուսիսային, արևելյան և հարավային շրջաններում։