Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, թե «խափանել է» ռուսական ՄիԳ-31 կործանիչի առևանգման փորձը


Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է, թե «խափանել է» ուկրաինական հետախուզության կողմից կազմակերպված գործողությունը՝ առևանգելու «Կինժալ» հրթիռով զինված ռուսական ՄիԳ-31 գերձայնային կործանիչը։

ԱԴԾ-ի պնդմամբ, գործողությանը, ենթադրաբար, ներգրավված է եղել միջազգային հետաքննական հարթակի՝ Bellingcat-ի աշխատակիցը։ Կազմակերպությունը, որը հայտնի է Վլադիմիր Պուտինի ռեժիմին վերագրվող հանցագործությունների բացահայտումներով, Ռուսաստանում ճանաչվել է որպես «անցանկալի կազմակերպություն» և «օտարերկրյա գործակալ»։ Միաժամանակ, ԱԴԾ-ն այս պնդումները հաստատող որևէ ապացույց առայժմ չի ներկայացրել։

Ծառայության խոսնակը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե Bellingcat-ը, ըստ ԱԴԾ-ի, գտնվում է Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզական ծառայության՝ Secret Intelligence Service (SIS)-ի վերահսկողության տակ։

ԱԴԾ-ի վարկածով՝ Bellingcat-ի ներկայացուցիչը կապ է հաստատել ՄԻԳ-31-ի օդաչուի հետ։ «Ըստ օդաչուի՝ 2024 թվականի աշնանը նրա հետ կապ է հաստատել մի տղամարդ, որը ներկայացել է որպես լրագրող և ցուցադրել է մամուլի քարտ։ Նա, ենթադրաբար, տեղեկություններ էր հավաքում կործանիչի վերաբերյալ՝ իբր լրագրողական հոդվածի համար», – նշել է ԱԴԾ-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ տղամարդը փորձել է համոզել օդաչուին փախցնել ինքնաթիռը և այն տեղափոխել Ռումինիայում ՆԱՏՕ-ի ավիաբազա, որտեղ կործանիչը կարող էր խոցվել հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից՝ միջադեպը Ռուսաստանի վրա բարդելու նպատակով։

Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս պնդումները։

Bellingcat-ը, իր հերթին, մշտապես ընդգծել է իր հետաքննական անկախությունը՝ նշելով, որ ուսումնասիրում է ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների ներկայացուցիչների կողմից իրականացված իրավախախտումներ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG