Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատը քայլեր է ձեռնարկել շաթդաունը դադարեցնելու ուղղությամբ

Լրացված

ԱՄՆ Սենատը կիրակի՝ նոյեմբերի 9-ին, քվեարկեց դաշնային կառավարության վերաբացման և կառավարության 40-օրյա շաթդաունի դադարեցմանն ուղղված օրինագծի օգտին։

Շաթդաունը դադարեցնելու համար օրինագիծը պետք է ունենար 60 սենատորի աջակցությունը: Սակայն Սենատում հանրապետականները ունեին ընդամենը 52 ձայն: CNN-ի և Politico-ի տվյալներով, Սենատի ութ «կենտրոնամետ» դեմոկրատներից բաղկացած խումբը համաձայնության է եկել Սենատի հանրապետական առաջնորդների և Սպիտակ տան հետ:

Նախնական տվյալներով, օրինագծով Կոնգրեսը կընդունի ժամանակավոր ֆինանսավորման բանաձև և դաշնային գործակալություններին կհատկացնի ֆինանսավորում մինչև 2026 թվականի հունվարի 30-ը:

«Կարծես թե մենք շատ մոտ ենք կառավարության փակման ավարտին», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սենատի կողմից ընդունված փաթեթը պետք է հաստատվի նաև Ներկայացուցիչների պալատի կողմից, որը, հավանաբար, կգումարվի առաջիկա օրերին։ Դրանից հետո այն կուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփին ստորագրության համար։ Այս գործընթացը կարող է տևել մի քանի օր։

Այս շաթդաունը դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարը. այն սկսվել է հոկտեմբերի 1-ին։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2019 թվականի սկզբին՝ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում։ Այն ժամանակ շաթդաունը տևել է 34 օր և 21 ժամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG