Մատչելիության հղումներ

«Մանիպուլյացիա». Մարուքյանը՝ Սահմանադրության նախագծում կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից հրաժարվելու որոշման մասին


«Հերթական մանիպուլյացիան է», - Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանի կարծիքն է Սահմանադրության նախագծում կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից հրաժարվելու որոշման մասին:

Խորհուրդը նախագահող Սրբուհի Գալյանն է երեկ Հանրայինի եթերում խոսել քվեարկությամբ Սահմանադրության նախագծի արդեն իսկ ընդունված դրույթներից, որոնց շարքում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորում երաշխավորող հոդվածից մասնակի հրաժարումը:

«Որոշել ենք՝ առաջին ընտրություններից հետո, երբ չի ձևավորվում մեծամասնություն մեկ կուսակցության և/կամ կոալիցիայի միջոցով, մենք գնանք 2-րդ ընտրությունների», - ասել է Գալյանը:

Ըստ Արդարադատության նախարարի՝ նախագծի մեջ ընտրության առաջին ու երկրորդ փուլ ձևակերպումներն էլ փոխարինել են առաջին ու երկրորդ ընտրությունով. «Այսպիսի որոշման կայացման հիմքում ընկած է այն գաղափարը, որ մենք հնարավորինս խուսափենք հավերժ շրջապտույտից այդ ընտրական գործընթացների, չունենանք ի վերջո այնպիսի Ազգային ժողով, որն իր լիազորությունները կշարունակի տևական ժամանակի ընթացքում, այսինքն, անընդհատ՝ մինչև նոր խորհրդարանը չձևավորվի»:

«Ո՞րն է մանիպուլյացիան՝ սպասվող ընտրությունները կձևավորվեն կայուն մեծամասնության դրույթով, Բենիտո Մուսոլինիի համակարգով, իսկ ընտրություններից հետո ո՞վ է ասել, որ իրենք են լինելու իշխանություն, որ իրենք հետո դա անեն և ո՞վ է ասել, որ իրենք եթե լինեն իշխանություն, դա անելու են: Հիմա սա որևէ էական նշանակում չունի ոչ քաղաքացիական հասարակության համար, ոչ էլ ընդդիմության համար, ոչ էլ մեր երկրի ինստիտուտների զարգացման համար, ինչո՞ւ որովհետև դա ուղղակի խոսակցություն է խոսակցության մասին», - հայտարարեց Մարուքյանը:

Սահմանադրությամբ երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, 2015 թվականին ընդունված փոփոխություններով՝ առնվազն 51 տոկոս ստացած ուժի մանդատներն այնքան են ավելացվում, մինչև այդ ուժն ունենա կայուն մեծամասնություն՝ 54 տոկոսից ոչ պակաս ձայն։

Եթե կայուն խորհրդարանական մեծամասնությունն ընտրության արդյունքներով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության 2-րդ փուլ:

Սահմանադրության ամենաքննադատված դրույթներից մեկը, սակայն, 2026-ի ընտրություններում կպահպանվի:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության հանրաքվեն կնախաձեռնի խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստանալու դեպքում:

Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է այս նիստերը:

Ճիշտ մեկ տարի առաջ նույն այս խորհուրդը մերժեց Սահմանադրության՝ կայուն մեծամասնության հոդվածից հրաժարվելու առաջարկը:

Քաղհասարակությունից առաջարկել էին հարցն առանձնացնել ու 26-ի ընտրություններից առաջ անել փոփոխությունը, խորհուրդը դեմ էր քվեարկել:

Բայց սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին, որի մասին Սրբուհի Գալյանը երեկ խոսել է, ըստ հաղորդագրության, խորհուրդը դեռ մեկ տարի առաջ է կողմ քվեարկել:

Ընդդիմադիր, արտախորհրդարանական «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է՝ իշխանությունից միշտ լսել է հավաստիացումները, չի տեսել քայլեր. «18 թվականից հետո երեք անգամ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով է ձևավորվել, երեք խորհուրդներում էլ հարցը եղել է ու երեք խորհուրդներում էլ իշխանությունն ասել է, որ՝ այո, պետք է արվի, այսօրվա ձևավորված Սահմանադրական խորհուրդում նույնպես եղել է այդ խոսակցությունը, որ պետք է մինչև ընտրությունները այդ ռեֆորմներն արվեն: Նաև եղել է խորհրդի կազմով վարչապետի հետ հանդիպում ժամանակին, էլի հարցը քննարկվել է, էլի եղել է այդ ըմբռնումը, որ նոր նախարարը եկել է, երևի քննարկել են կայուն մեծամասնության հարցը քաղաքական մեծամասնությունում, կառավարող ուժում և որոշել են՝ «բայց մեզանից ի՞նչ է գնում, որ ասենք՝ հիմա ընդունում ենք, մեկ է չենք փոխելու, չէ՞»:

Սրբուհի Գալյանը նշել է. «Ցանկացած փոփոխություն, որը կլինի, կապել որևէ պահանջի հետ, կարծում եմ, իմաստ չունի, որովհետև միայն մենք չի, որ ասում ենք՝ այդ պահանջներն իրավաչափ չեն և ճշմարիտ չեն, դրա մասին ասել է մեր Սահմանադրական դատարանը»:

Մինչ Ադրբեջանը չի հրաժարվում խաղաղության պայմանագրի ստորագրման համար մայր օրենքից Անկախության հռչակագրին հղումը հանելու պահանջից, խորհուրդը չի շտապում Սահմանադրության նախաբանի վերաբերյալ դիրքորոշում ձևակերպել: Բաքվի կարծիքով՝ հռչակագիրը տարածքային նկրտում է պարունակում իր նկատմամբ՝ Հայաստանի և Ղարաբաղի միավորման մասին ձևակերպման պատճառով: Երևանում վստահեցնում են՝ խաղաղության պայմանագիրն է բոլոր խնդրահարույց հարցերի լուծման բանալին:

Այնուհանդերձ, վարչապետն իր կարծիքը ամիսներ առաջ է ասել՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին: Խորհրդում էլ նախկինում դեմ արտահայտվողներ կային, որոնց համար հիմա միևնույն է Ադրբեջանին անհանգստացնող հղումը կմնա մայր օրենքում, թե՝ ոչ: Օրինակ՝ խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը:



XS
SM
MD
LG