Սահմանադրական փոփոխությունների խորհուրդն այսօրվա նիստում որոշել է հրաժարվել ընտրական համակարգի ամենաքննադատված դրույթից, որով եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում չի ձևավորվում կայուն մեծամասնություն, քաղաքական ուժերն էլ կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության չեն գալիս, անցկացվում է երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ քվե ստացած երկու ուժերը:
Առաջարկվող փոփոխությամբ երկրորդ փուլի փոխարեն տեղի կունենան նոր ընտրություններ: Առաջարկն Արդարադատության նախարարությանն է: Նոր Սահմանադրության տեքստի մշակման հիմնական պատասխանատուներից փոխնախարար Տիգրան Դադունցը բացատրեց՝ երկրորդ փուլի փոխարեն նոր ընտրություններ անցկացնելով հնարավոր է՝ այլ արդյունքներ լինեն:
«Տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրոպական, նման մոդել կա, երբ որ չի ձևավորվում մեծամասնություն, երկրորդ անգամ են ընտրություններ տեղի ունենում, հաջորդ ընտրություններին կարող են լինել փոփոխություններ, կարող են նոր կազմով հանդես գալ քաղաքական ուժերը, դաշինքներ կազմել, նոր ծրագրով հանդես գալ կամ այնպիսի առաջարկներով հանդես գալ, որ ժողովուրդը կարողանա վերջնական որոշում կայացնի: Սա ավելի քիչ ռիսկային տարբերակ է, որովհետև սա մի կողմից հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ լսել ժողովրդի ձայնը և տեսնել՝ ինչ որոշում է կայացնում ժողովուրդը քվեարկության արդյունքում, բայց մյուս կողմից նաև ուղղված է լինելու, որ հնարավոր լինի երաշխավորել, որ Ազգային ժողովում ի վերջո կձևավորվի մեծամասնություն և Ազգային ժողովը կկարողանա լիարժեք աշխատել», - ասաց Դադունցը:
Որոշումն այսօրվա նիստում ընդունվել է՝ առանց ընդդիմադիր քաղաքական գործիչների: Խորհրդի աշխատանքներին նրանցից միայն Էդմոն Մարուքյանն է մասնակցում: Այսօրվա նիստին նա ներկա չէր: Դիրքորոշում Մարուքյանը դեռ չի հայտնել:
Իսկ քաղհասարակության ներկայացուցիչներից Դանիել Իոաննիսյանը սա որակեց պատմական որոշում:
«Ոչ թե լինում է երկրորդ փուլ, որտեղ քաղաքացիների տված ձայներն, ըստ էության, խմբագրվում, փոխվում են, այլ լինում են նոր ընտրություններ, նոր ընտրությունների ժամանակ արդեն քաղաքացիները քվեարկում են: Այ, եթե նոր ընտրությունների արդյունքում ևս չի ձևավորվում, այդ դեպքում արդեն գործում են երկրորդ փուլի կամ ինչ-որ տենց մեխանիզմներ, որովհետև նաև չի կարելի թույլ տալ, որ երկիրն անվերջ ընկնի խորհրդարանական ընտրությունների ցիկլի մեջ», - նշեց Իոաննիսյանը:
Եթե անգամ նոր Սահմանադրության նախագիծն այս տեսքով ընդունվի, առաջիկա՝ 2026-ի ընտրություններին փոփոխությունները չեն վերաբերի: Վարչապետն արդեն հայտարարել է՝ նոր Սահմանադրությունը հանրաքվեի կդրվի ԱԺ հերթական ընտրություններից հետո:
Սահմանադրական փոփոխությունների այսօրվա նիստում քննարկվել են նաև Ազգային ժողովի ինքնալուծարման, մշտական հանձնաժողովների կողմից փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցիչներին անվստահություն հայտնելու հարցերը: Ոչ մի խոսք մայր օրենքում Անկախության հռչակագրին հղումը պահպահնել-չպահպանելու մասին:
«Երբ որ անդրադարձ լինի, բոլորը կիմանան, հիմա այս փուլում դեռ այդ հարցին չենք հասել, կարելի է ասել, որովհետև ընթացքում ուսումնասիրություններ, վերլուծություններ ենք անում ու այն թեմաները, որոնք պատրաստ են լինում, եփված են լինում, այսպես ասած, ներկայացվում են խորհրդին: Երբ որ ժամանակը գա, կքննարկվի այդ հարցը», - ասաց Տիգրան Դադունցը:
Նոր Սահմանադրության ընդունման գլխավոր ինտրիգը հենց հռչակագրի հարցն է, Բաքվից հստակ հայտարարում են՝ նախաստորագրված փաստաթուղթը կստորագրեն միայն այն դեպքում, երբ Երևանը Սահմանադրությունից հեռացնի Անկախության հռչակագրին հղումը: Այն հանելուն վարչապետը կողմ է, բայցև վստահեցնում է, թե սա Ադրբեջանի պահանջի հետ կապ չունի:
Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրություն ընդունելու մի նոր բացատրություն տվեց. «Այսօրվա Հայաստանի Սահմանադրության և իրավակարգը նույնքան ատելի է մեր ժողովրդի համար, ինչքան ատելի է եղել նախկիններում»:
Թե երբ նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի և կներկայացվի հանրությանը, դեռ չի հստակեցվում: