«Չեմ կարծում, թե կարելի է ասել՝ Ալիևն ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոյչա», - արձագանքելով Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևի օրերս արած հայտարարությանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Ադրբեջանի նախագահը մասնավորապես հայտարարել էր՝ «20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները, այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, կա Գյոյչա»: Ալիևը կրկին հայտարարել էր՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ընդգծելով՝ դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը։
«Միևնում է՝ ամենակառուցողական ձևակերպումը չի, և իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ: Ես էլ կարող եմ ասել՝ կան բազմաթիվ Ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան, չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա», - ասաց Միրզոյանը:
Լրագրողների հարցին՝ ադրբեջանցիների վերադարձի մասին հայտարարությունները ի՞նչ միտում ունեն, արտգործնախարարն արձագանքեց. «Ինձ եք հարցնո՞ւմ.... Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ապրեն Հայաստանում, ենթադրում եմ՝ Ադրբեջանի քաղաքացիները՝ Ադրբեջանում»: