Քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանը թուրքական բանտից հրապարակված ուղերձում կոչ է արել իրական ջանքեր գործադրել՝ խաղաղության ու հաշտեցման համար։
«Բոլորը պետք է գործեն լրջությամբ և պատասխանատվության զգացումով», - հայտարարել է Օջալանը, ով թուրքական պետության դեմ շուրջ չորս տասնամյակ շարունակված պայքարից հետո՝ այս տարվա սկզբին, աջակիցներին հորդորեցվայր դնել զենքը և քրդերի իրավունքների պաշտպանությանը հասնել քաղաքական պայքարի ու բանակցությունների միջոցով։
Օգոստոսից Թուրքիայի խորհրդարանում հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը քննում է ոչ միայն 1999-ից բանտարկված Օջալանի ճակատագիրը, այլև նրա զինյալներին անվտանգության երաշխիքներ տալու հնարավորությունը։
«Անհրաժեշտ է քրդական հարցը՝ իր բոլոր դրսևորումներով, ներառել երկրի իրավական դաշտում», - հայտարարել է Օջալանը։
Խորհրդարանի քրդամետ խմբակցությունը ևս պնդել է, թե ժամանակն է անցնել իրավական և քաղաքական քայլերի։
Թուրքիայում, ըստ տարբեր հաշվարկների, 86 միլիոն բնակչության 20 տոկոսը քրդական ծագում ունի։