«Ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակություններն այցելելու են Ադրբեջան», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ առանց հստակ ժամկետներ նշելու:
«Իհարկե, կան հարցեր, որ պետք է քննարկվեն, մասնավորապես, մեր գերիների, պահվող անձանց մասին հարցը, որը մեծագույն պրոբլեմ է: Բայց շփումները շարունակվելու են, մենք այդ շփումները խորացնելու ենք: Երբ ասում եմ «մենք», իմ ընկալմամբ, նկատի ունեմ, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է»,-հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով հարցն, թե ինչո՞ւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցել Երևանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իմ գործընկերոջ հետ [ Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի] հանդիպման ժամանակ նա խնդրեց, որպեսզի ես փոխանցեմ, եթե նման պատեհ առիթ լինի, որ Հայաստանի Հանրապետություն գալու հետ կապված որևէ խնդիր չունեն, և Եվրանեսթին իրենց չմասնակցելը կապված է զուտ այդ կազմակերպության հետ իրենց հարաբերություններով: Իրենք խնդիր չեն տեսնում մեր համագործակցության և փոխադարձ այցերի հետ կապված»:
 
 
 
 
 
 
