Իսրայելը չի ընդունի թուրքական զինված ուժերի ներկայությունը Գազայում։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարն է այս մասին այսօր հայտարարել՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ծրագրին, որ միջազգային ուժերի ներկայություն է ենթադրում Գազայում։
Թրամփը փորձում է միջոցներ ստեղծել՝ Իսրայելի և պաղեստինյան «Համաս» զինյալ խմբավորման միջև ձեռք բերված փխրուն հրադադարի ապահովմանը նպաստելու համար։ Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք արաբական և այլ պետություններ պատրաստ կլինեն զորքեր ուղարկել։
«Երկրները, որոնք ցանկանում են կամ պատրաստ են զինված ուժեր ուղարկել, պետք է առնվազն արդար լինեն Իսրայելի նկատմամբ», - ասել է Սաարը Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում։
Թուրք-իսրայելական երբեմնի ջերմ հարաբերությունները կտրուկ վատթարացան Գազայի պատերազմի ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատեց Իսրայելի կողմից փոքր պաղեստինյան անկլավում իրականացված ավերիչ օդային և ցամաքային արշավանքը։
«Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան թշնամական մոտեցում է ցուցաբերել Իսրայելի նկատմամբ», - ասել է Սաարը՝ պնդելով, թե խելամիտ չէ թույլ տալ թուրքական զինված ուժերին մտնել Գազայի հատված։
Անցյալ շաբաթ էլ վարչապետ Բենյամին Նեթանյահուն էր ակնարկել, որ կտրականապես դեմ կլինի Գազայում թուրքական անվտանգության ուժերի ցանկացած դերակատարմանը։ Ավելի, երեկ Նեթանյահուն հայտարարել է նաև, որ Իսրայելն է որոշելու՝ օտարերկրյա որ ուժերին թույլ տալ մտնել Գազա։
Նախորդ շաբաթ Իսրայել այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր ասել, որ միջազգային ուժերը պետք է կազմված լինեն «այն երկրներից, որոնց հետ Իսրայելը իրեն հարմարավետ է զգում»։