Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ բողոք հայտնելու երկու ռուսական ռազմական ինքնաթիռների՝ երկրի օդային տարածք ներխուժելու համար։
Լիտվայի զինված ուժերի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի Կալինինգրադի մարզից օդ բարձրացած «Սու-30» կործանիչն ու «Իլ-78» օդային լիցքավորիչ ինքնաթիռը մոտ 18 վայրկյան անցել են Լիտվայի օդային տարածքով, հավանաբար օդային վարժանքի ընթացքում։
Վիլնյուսը պահանջել է, որ Ռուսաստանը «անմիջապես բացատրի» օդային սահմանը խախտելու պատճառները և ձեռնարկի «բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն»։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան միջադեպը որակել է որպես «միջազգային իրավունքի և Լիտվայի տարածքային ամբողջականության բացահայտ խախտում»։ Նա ընդգծել է, որ այս դեպքը ցույց է տալիս Եվրոպայում հակաօդային պաշտպանության համակարգերի պատրաստվածությունը ուժեղացնելու կարևորությունը։
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը X հարթակում տարածած հաղորդագրությամբ նշել է․ «Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ագրեսիվ վարքագիծը, հարգի միջազգային իրավունքն ու հարևան երկրների սահմանները»։