Չորս տարի շարունակ Հակոբ Միկոյանը Երևանն ու մարզերը մաքրում է աղբից։ 44-օրյա պատերազմից հետո է որոշել հոբին դարձնել ամենօրյա գործ։ Հորդորում ու խնդրում է բոլորին, որ շուրջը մաքրեն աղբից կամ ուղղակի չաղտոտեն։ Իսկ ծննդյան օրը որպես նվեր տոպրակներով աղբ է ստանում, որովհետև ինքն է խնդրում։
«Ամեն տարի ծննդյանս օրվա առթիվ իմ ընկերներին, հետևորդներին խնդրում եմ, որ եթե ուզում են ինձ մի նվեր անեն, աշխարհի ցանկացած կետից մեկ տոպրակ աղբ հավաքեն և նկարեն գցեն սոցիալական ցանցերում, նվիրելով այդ աղբը իմ ծննդյան օրվան», - ասաց Միկոյանը։
Մաքրապատում, այսպես է նկարագրում այն, ինչ անում է։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով տեսանյութերը գրում է նաև օրերը։ Հիմա արդեն մոտենում է 1460-րդ օրվան։
Զինվորական կապի գծով ռադիոինժեներ է Հակոբը։ Հիմնական աշխատանք ունի, դա էլ է կապված մաքրության հետ։ Աշխատանքից առաջ ու հետո նաև շուրջն է մաքրում աղբից, հաճախ նաև ընթացքում, եթե ժամանակը թույլ է տալիս։
«Այս աղբը ոչ միայն հողի նկատմամբ արհամարհանք է, նաև միմյանց նկատմամբ արհամարհանք է, և այս աղբը առաջին հերթին իմ մեջից պետք է վերացնեմ», նշեց նա։
Պարբերաբար մոտենում է մարդկանց ու խնդրում այդ պահին նետած աղբը հավաքել։ Ասում է՝ հաճախ սրտներին մոտ են ընդունում, վիճում, բայց հիմնականում խնդրանքը կատարում են. «Պատկերացրու մի դրվագ՝ ես եմ ծխում, քեզ ասում եմ՝ քեզ շատ սիրում եմ, ու հաջորդ քայլին ծխախոտի մնացորդը շպրտում եմ վրեդ։ Այդ դու ես, էս հողը դու ես, մեր մարմինը վերջում դառնալու ա հող։ Սթափվեց մարդը, հասկացավ իր սխալը, ներողություն խնդրեց, ասեց՝ ճիշտ ես ասում, ու վստահ եմ ինքը այլևս չի գցելու»։
Հակոբի մանկահասակ դուստրն էլ արդեն գիտի՝ աղբը պետք է աղբամանը նետել, ոչ թե այնտեղ, որտեղ պատահի։ Մարդիկ աղբը նետում են այնտեղ, որտեղ մտքի ծայրով անգամ չէր անցնի, ասում է Հակոբը, որի հետ նկարահանումը սկսեցինք վաղ առավոտյան քաղաքի կենտրոնական հատվածներից։ Շատ աղտոտված էր։ Ծառերի ճյուղերի արանքում անսարք ծանր լամպեր, փոշեկուլի չաշխատող մասեր, բայց ամենաշատը հատկապես ծառերի տակ ծխախոտի մնացուկներ, տուփեր ու սուրճի բաժակներ են թափված։ Հաճախ դրանք չի կարողանում Հակոբը ձեռքի գործիքով հատ-հատ հավաքել։ Միանգամյա օգտագործման ձեռնոցներով աղբը սկսում է բռերով հավաքել։
Պարբերաբար տարբեր խմբեր, այդ թվում նաև օտարերկրացիներ, անհատներ միանում են Հակոբին ու մաքրում Երևանն ու մարզերը աղբից։ Մեր նկարահանման օրը նրան էր միացել 30-ամյա Գևորգը։ Համացանցով հետևում է Հակոբի մաքրապատման աշխատանքներին, որոշել էր օգնել։ Կարծում է՝ հողի համար կռիվ տվողն այն չի աղտոտի, իսկ թե ինչ է հողի համար կռիվ տալը, ինքը լավ գիտի։ 44-օրյա պատերազմում կորցրել է միակ եղբորը՝ նորակոչիկ էր, իսկ ինքը՝ սպա Կարապետյանը ծանր վիրավորումից հետո սայլակով է տեղաշարժվում։
«Կարող է որոշ մասսայի մոտ ինչ-որ կարծրատիպ փոխվի, եթե վիրավորում ստացած տղաները փորձում են մաքրել, ավելի լավ է չկեղտոտենք, որ գոնե իրենց չանհանգստացնենք», - ասաց նա։
Գևորգը խոստացավ հաջորդ անգամ վիրավորում ստացած մի խումբ ընկերների հետ կգա ու կօգնի Հակոբին:
Հակոբը, երբ մոտենում է մարդկանց ու խնդրում, որ թափածը հավաքեն, վիրավորական բառեր չի օգտագործում. «Գիտակցենք վերջապես, որ յուրաքանչյուր վիրավորանք և հայհոյանք նույնպես աղբ է»։
Նկարահանումն ավարտեցինք այգում, քիչ թե շատ մաքուր էր։ Հույս ունի, որ մի օր մեծ ճամփորդություն կսկսի։ Առաջին կանգառն էլ Հնդկաստանը կլինի։
Վերջերս իր հետևորդների աջակցությամբ Հակոբը հաղթել է միջազգային մի մրցույթում։ Թեման կրկին շրջապատի մաքրությունն է։ Երջանիկ է, որ ոչ միայն սոցցանցերում են օտար ու հարազատ մարդիկ աջակցում, այլև փողոցում են ճանաչում։
Այս տարիներին արդեն 1454 պարկ աղբ է հավաքել։ Երևանի կենտրոնում մեր նկարահանումը տևեց 45 րոպե հավաքեցինք երկու մեծ պարկ աղբ ամենաանհավանական տեղերից։