Մատչելիության հղումներ

ԵՄ յոթ երկրներ ավելացրել են Ռուսաստանից էներգակիրների գնումները. Reuters


2025 թվականին Ֆրանսիան, Բելգիան, Նիդեռլանդները, Խորվաթիան, Ռումինիան, Պորտուգալիան և Հունգարիան Ռուսաստանին միլիարդավոր եվրո են վճարել էներգակիրների դիմաց, գրում Է Reuters-ը։ Գործակալության փորձագետները նկատում են՝ ԵՄ յոթ երկրները ավելացրել են Ռուսաստանից Էներգակիրների գնումները:

2025-ի առաջին ութ ամիսներին ներմուծումը գնահատվել է ընդհանուր 11,4 մլրդ եվրո։

Այսպիսով, օրինակ՝ Ֆրանսիայում ռուսական էներգակիրների գնումները աճել են 40 տոկոսով՝ հասնելով 2,2 միլիարդ եվրոյի, իսկ Նիդեռլանդներում՝ 72 տոկոսով՝ հասնելով 498 միլիոն եվրոյի։

Ֆրանսիայի էներգետիկայի նախարարությունը Reuters-ին հստակեցրել է, որ նման ցուցանիշը բացատրվում է այլ երկրներին գազի մատակարարմամբ. ըստ Kpler-ի վերլուծաբանների՝ ռուսական ներմուծման մի մասն ուղարկվում է Գերմանիա:

Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ չնայած աջակցում է ռուսական էներգակիրներից հրաժարվելու ԵՄ ծրագրերին, քանի դեռ այդ առաջարկները չեն ամրագրվել ԵՄ օրենսդրության մեջ, ի վիճակի չէ արգելափակել գոյություն ունեցող պայմանագրերը:

Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել 2025 թվականի ներմուծման տվյալները։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնումներն աճել են նաև Պորտուգալիայում, Ռումինիայում, Խորվաթիայում և Բելգիայում:

Հունգարիան և Սլովակիան շարունակում են մնալ խոշորագույն ներմուծողները, նրանք կշարունակեն ռուսական գազ ստանալ մինչև 2028 թվականը։

ԵՄ-ն արդեն հայտարարել է, որ նախատեսում է ռուսական հեղուկ բնական գազի ներմուծման արգելքի ժամկետը սահմանել 2027-ը՝ նախկինում սահմանած 2028թ. փոխարեն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ ամիս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից քննադատեց եվրոպական երկրներից և պահանջեց անմիջապես դադարեցնել ներմուծումները Ռուսաստանից։

«Նրանք չպետք է շարունակեն անել այն, ինչ անում են։ Նրանք Ռուսաստանից գնում են նավթ և գազ՝ միևնույն ժամանակ պայքարելով Ռուսաստանի դեմ։ Սա ամոթ է», - հայտարարեց Թրամփը:

XS
SM
MD
LG