ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա լրացուցիչ 100 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից։
«Ամերիկան Չինաստանի հանդեպ կսահմանի 100 տոկոս մաքսատուրք, բացի այն մաքսատուրքից, որը նրանք ներկայումս վճարում են»,- գրել է Թրամփը իր Truth կայքում, հավելելով, որ մաքսատուրքերը կարող են սահմանվել ավելի շուտ՝ «կախված Չինաստանի հետագա գործողություններից»։
Թրամփի այս որոշումից առաջ՝ հոկտեմբերի 9-ին, Պեկինը հայտարարել էր հազվագյուտ մետաղների արտահանման նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մասին։ Այժմ այդ մետաղների նույնիսկ փոքր քանակի արտահանման դեպքում պահանջվում է լիցենզիա: Սա վերաբերում է նաև հազվագյուտ մետաղների արդյունահանման, հալեցման և տարանջատման հետ կապված տեխնոլոգիաների արտահանմանը։
ԱՄՆ նախագահն այդ քայլը որակել է «չափազանց թշնամական»։
Նախօրեին էլ Թրամփը կասկածի տակ էր դրել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման նպատակահարմարությունը, որը նախատեսված է հոկտեմբերի վերջին Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում։