Կառավարությունն այսօր որոշեց մասնակի փոխհատուցել 2024-2025 թվականներին կարկուտից տուժած այն հողօգտագործողներին, որոնց այգիներում ու ցանքատարածքներում վնասը կազմել է 40-100 տոկոս:
Փոխհատուցման չափի հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Օրինակ, եթե այգին վնասվել է հարյուր տոկոսով, ապա ծիրանի դեպքում կփոխհատուցվի 31 հազար 840 դրամ, կարտոֆիլը՝ 446 հազար 950 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերը՝ 130 հազար 900 դրամ, աշնանացան ցորենը՝ 55 հազար 328 դրամ։ Ըստ վնասվածության աստիճանի փոխհատուցվող գումարը կհաշվարկվի համապատասխանաբար»,- ասաց նախարարը։
2024 թվականին կարկուտի հետևանքով ընդհանուր տուժել է մոտ 13 հազար հա, իսկ 2025-ին՝ ավելի քան 11800 հա ցանքատարածք և այգետարածք:
Կառավարության անդամները նշեցին, որ չնայած դեռ 2020 թվականից գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման համար քայլեր են ձեռնարկվել, սուբսիդավորման միջոցով աջակցություն են ստացել ապահովագրական ընկերություններն ու գյուղատնտեսները, միևնույնն է՝ այն չի հաջողվել: Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ «գյուղատնտեսության վնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված՝ ապահովագրական ընկերությունները խուսափում են ապահովագրական պայմանագրեր կնքել»:
2025 թվականին կառավարությունն ավելի մեծ չափով աջակցեց ապահովագրական համակարգին՝ սուբսիդավորելով ապահովագրավճարը 70-80 տոկոսով, ինչպես նաև աջակցում է ապահովագրական ընկերություններին՝ փոխհատուցելով վնասաբերության 200 տոկոս գերազանցող մասը: Սակայն այս պարագայում ևս ապահովագրական ընկերությունները շատ փոքր ծավալով ապահովագրություն իրականացրին, նշեց նախարարը: Նրա խոսքով՝ գյուղատնտեսներն անգամ շատ փոքր ծավալով են օգտվել կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման կառավարության առաջարկած աջակցությունից:
Հողօգտագործողներն ընդամենը երեք շաբաթ ժամանակ ունեն աջակցությունից օգտվելու համար: Եթե 2024-ին և 25-ին կարկուտից վնասներ են կրել, ու այդ վնասներն արդեն արձանագրված են, պետք է դիմել համայնքապետարան, որն էլ մինչև նոյեմբերի 10 տվյալները կներկայացնի մարզային հանձնաժողով դրանք ամփոփելու և հաստատման ներկայացնելու համար:
Կարկուտի վնասների փոխհատուցում չեն ստանա այն գյուղատնտեսները, որոնք գարնանացանին արդեն իսկ պետությունից աջակցություն են ստացել, նշվեց կառավարության նիստի ընթացքում: