Մատչելիության հղումներ

Երևանում եկամտահարկի վերադարձի ծրագիրը դադարեցվել է, մարզերում կգործի ժամանակավոր, կառուցապատողները զգուշացնում են շուկայի կոլապսի մասին


Երևանում 11 տարի գործող եկամտահարկի վերադարձի ծրագիրը կգնա մարզեր, հետո՝ 2029-ին, կդադարեցվի ամբողջ երկրում: Այն կպահպանվի միայն սահմանամերձ բնակավայրերում: Կառուցապատողները կոչ են անում չսառեցնել շինարարական դաշտը։

«Եթե նախկինում կարող էի ինձ թույլ տալ օրինակ՝ 3 սենյականոց բնակարան, հիմա նայում եմ 2, 1 սենյականոց»

30-ամյա Արմինե Կարապետյանը երկար ժամանակ փորձել է բարձր վարձատրվող աշխատանք գտնել, որ Երևանում հիփոթեքով տուն գնի: Նա էլ էր ցանկանում եռամսյակը մեկ պետությունից ստանալ իր եկամտահարկի մի մասը, բայց մինչև այդպիսի աշխատանք գտավ, ծրագիրը Երևանում դադարեց գործել:

«Ցավոք սրտի, արդեն Երևանում այդ օրենքն այլևս չի գործում, հիմա առաջարկում են մարզային տարբերակները», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Երևանում հիփոթեքով բնակարան գնած քաղաքացիները եկամտահարկի վերադարձի ծրագրից սկսել են օգտվել 2014-ի նոյեմբերից, այն ավարտվեց այս տարի: Բայց այն կառուցապատողները, որոնք շինթույլտվություն են ստացել մինչև 2022 թվականը, դեռ կարող են այս ծրագրի շրջանակներում վաճառել իրենց բնակարանները: Արմինեն Երևանում գտել է այդպիսի մի քանի կառուցապատողի, ասում է՝ նրանց թիվը քիչ է, բայց գներն այլևս նախկինի պես մատչելի չեն:

«Եթե նախկինում կարող էի ինձ թույլ տալ օրինակ՝ 3 սենյականոց բնակարան նայել հեռավար նպատակների համար, հիմա նայում եմ երկու, նույնիսկ 1 սենյականոց բնակարան», - նշեց նա:


Թեև մինչև 2022-ը շինթույլտվություն ստացած երևանյան շենքերից բնակարան գնողները դեռ կարող են օգտվել եկամտահարկի ծրագրից, բայց վերադարձվող գումարի չափը փոխվել է:

ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանը մանրամասնում է. «Եթե մինչև 25 թվականը եռամսյակի ընթացքում վերադարձվում էր ոչ ավելի, քանի 1 միլիոն 500 հազար դրամ, ապա 2025թ. հունվարի 1-ից հետո եռամսյակի ընթացքում վերադարձվում է 750 հազար դրամ»:


Կառավարությունը հաստատեց հիփոթեքային վարկերի տոկոսների վերադարձի ծրագրի ֆինանսավորումը այս տարվա համար 12.6 մլրդ դրամով ավելացումը

2025-ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսագումարների մասով վերադարձվող եկամտային հարկի վերադարձը շարունակելու է գործել Հայաստանի մարզերում: Բայց 2027 թվականից այն կհանվի Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում, իսկ 2029-ից առհասարակ համակարգը կդադարի գործել Հայաստանում, բացառություն կլինեն միայն սահմանամերձ բնակավայրերը:

Այսօր կառավարությունը հաստատեց ՊԵԿ-ի առաջարկը, ըստ որի՝ հիփոթեքային վարկերի տոկոսների վերադարձի ծրագրի ֆինանսավորումը այս տարվա համար 12.6 մլրդ դրամով կավելացվի: Նպատակն այն է, որ մարզերի բնակիչները կաորղանան օգտվել ծրագրից: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ասաց՝ նախորդ տարվա համեմատ այս տարի ծրագրից օգտվողների թիվը 12 հազարով աճել է: Այս ծրագրի համար 2025-ի բյուջեով նախատեսած 84 միլիարդից արդեն հունվար-սեպտեմբեր ասմիներին 70 միլիարդը ծախսվել է:

«Եվ որպեսզի 70 միլիարդը մեզ հուշի, թե ինչի մասին է խոսում, դա ավելի մեծ է, քան անցած ամբողջ տարվա ընթացքում: Այս միտումները հաշվի առնելով՝ պատշաճ միջոցներ ունենալու և մեր այս ծրագրից օգտվող քաղաքացիներին պատշաճ աջակցելու համար անհրաժեշտություն կա ևս 12.6 միլիարդ դրամով ավելացնել մեր տարեկան ծրագիրը», - ասաց ՊԵԿ նախագահը:


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրացուցիչ կարգավորումների կարիք է տեսնում, ասաց՝ ճիշտ է ծրագիրը փորձում եք մարզեր տանել, բայց ինքն ավելի շատ, նկատում է, Երևանի սահմաններին է կառուցապատումը շարունակվում: ՊԵԿ նախագահն ու ֆինանսների նախարարն էլ հիշեցրին՝ 2027 թվականին մերձերևանայն մարզերից էլ է դուրս գալու ծրագիրը:

«Չպետք է ունենանք մի իրավիճակ, որ արդյունքում ոչ թե մարզերի քաղաքների կառուցապատումն է զարգանում, այլ Երևանի սահմանագիծը մարզերի, ուղղակի ասում եմ, որպեսզի մտածենք», - նշեց փոխվարչապետը:


«Կառուցապատողների հայկական ասոցիացիան» մի քանի առաջարկ ունի


«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանն ասում է՝ կառավարությունն եկամտահարկի ծրագիրն աստիճանաբար և ամբողջությամբ դադարեցնելով պետք է զուգահեռ այլ գործիքներ կիրառի, որ կառուցապատողները չդադարեն Հայաստանում ներդրումներ անել: Ասաց՝ իրենք մի քանի առաջարկ են արել կառավարությանը, օրինակ՝ հին շենքերի փոխարինում պետության ու համայնքի աջակցությամբ: Ըստ առաջարկի՝ հին շենքերը կքանդվեն, փոխարենը կկառուցվեն նորերը: Բնակիչները կստանան նոր բնակարաններ՝ նույն մակերեսով ու դիրքով՝ առանց վարկի կամ հավելյալ վճարի։

«Կառուցապատողի շահն այն է, որ բնակիչներին բնակարանով ապահովելուց հետո կարող է վաճառել կառուցված նոր հարկերում եղած բնակարանները։ Այսպես շահում է և՛ բնակիչը, և՛ պետությունը, և՛ համայնքը», - ընդգծում է Գրիգորյանը։

«Բնակչի խնդիրը լուծվեց, մարդը վթարային կամ հնամաշ անշարժ գույքից ձերբազատվեց և ստացավ նոր անշարժ գույք, պետության խնդիրն է լուծվում, որովետև պետության պոզիտիվ սահմանադրական պարտավորությունն է ապահովել բնակչության համար կենսամակարդակի անվտանգ և կայուն պայմաններ: Համայնքն ունենում է նոր զարգացած քաղաքաշինական միջավայր հին բնակֆոնդի փոխարեն», - ներկայացրեց նա:

Երկրորդը վերաբերում է հիփոթեքային վարկերին։ «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» առաջարկում է կենսաթոշակային ֆոնդերի շրջանառվող միջոցների մի մասն ուղղել հիփոթեքների ֆինանսավորմանը. «Որպեսզի առաջնային շուկա-հիփոթեքային վարկերի պորտֆելում դրանք ուղղվեն, ինչը հնարավորություն կտա որոշակի թիրախային խմբերի համար ապահովել մատչելի հիփոթեքային վարկավորման ձեռքբերման հնարավորություններ»:

Երրորդ առաջարկը նորարարական լուծում է. քաղաքացին կարող է գնել բնակարան առանց բանկի, առանց տոկոսի և առանց վարկի՝ վճարելով մաս-մաս անմիջապես կառուցապատողին։ Այս մեխանիզմը հիմնված է կորպորատիվ պարտատոմսերի թողարկման վրա և նախատեսված է 6–7 տարվա վճարային ժամանակացույցով։

«Բազմաթիվ քաղաքացիների հնարավորություն է տալիս առանց վարկային բեռի ստանձնման ձեռք բերել անշարժ գույքեր և իրականացնել դրանց մարումներն անմիջապես կառուցապատողին», - նշեց նա:

Ասոցիացիայի ղեկավարն ասում է՝ սրանք տեղային լուծումներ են, բայց պետք է հստակ պետական ռազմավարություն լինի, որը կփոխարինի եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմին. «Այն պատկերացումը, որ մարզերում կարող է ակտիվություն լինել կառուցապատման մասով, մեր պատկերացմամբ՝ չի համապատասխանում իրականությանը»:

Եթե նոր ծրագրեր չլինեն, ոլորտը կդանդաղի, ասում է Գուրգեն Գրիգորյանը: Իսկ կառավարությունը «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» այս առաջարկները լսել, բայց դեռ չի արձագանքել:


XS
SM
MD
LG