59-ամյա Գյուլվարդ Պետրոսյանը Արցախում զինվորական է եղել, 17 տարի Մարտունու զորամասում կապավոր է աշխատել։ Հիշում է՝ հինգ տարի առաջ, երբ պատերազմը սկսվեց, էլի զորամասում էր. «Ծառայությունում էի, երբ կռիվ սկսվեց»։
Պատերազմի ընթացքում միայն աղջկան ու թոռներին է տարհանել։ Ինքը երկու տղաների հետ շարունակել է մնալ ծառայության մեջ։ Տղաները ևս զինվորական էին ու թեև անընդհատ հորդորել են, որ մայրը տարհանվի, չի կարողացել հեռանալ։
«Ասում եմ՝ բալես, գոնե մի օր քնեմ հանգիստ, թեկուզ կրակում են, իմ տունը մի օր քնեմ, հանգիստ լինեմ ինձ համար։ Մյուս տղաս այնտեղից էր զանգում, այնպիսի վիճակ էր, հարևան չկար, ոչ մեկը չկար, խանութ չկար, իմ ձեռքը փողը, գուրպանս փողը լիքը, մի հատ հաց չէի կարողանում առնել», - պատմեց Գյուլվարդ Պետրոսյանը
Որ տարիներ անց պիտի ստիպված լինեն Արցախից դուրս գալ, մտքով անգամ չի անցել, բայց երեք տարի անց, ամիսներ շարունակված սովից ու հարձակումից հետո բռնել են տարհանման ճամփան, այս անգամ արդեն անվերադարձ։
Արցախում տիկին Գյուլվարդը նաև հագուստի խանութ է ունեցել, պարտքերի տետրն է հետը բերել որպես հուշ, թերթում է ու հիշում իր հաճախորդներին։
Չորս պատերազմի միջով անցած կինը կրտսեր որդու ընտանիքի հետ արդեն մեկ տարի է՝ հաստատվել է Շիրակի մարզի Արաբի գյուղում։ Տունը սեփական միջոցներով է գնել, քանի որ աջակցության ծրագրի շահառու չի եղել։ Գյուղում հիմա հող են մշակում, արդեն նաև ջերմոց են հիմնել։ Թեպետ Ջերմուկում տուն ունեն, բայց վախենում են այնտեղ ապրել։ Երեք տարի առաջ ադրբեջանական զորքը նաև այդտեղ էր հասել։
Շիրակի ցուրտ ձմռան հետ միայն դեռ չեն հարմարվում, թեպետ արդեն նոր տուն ունի, բայց միևնույն է, իր Արցախի տունն է կարոտում։
Վեց ամիս առաջ երկրորդ թոռն է ընտանիքում ծնվել, թոռների հետ արցախի բարբառով է խոսում, ասում է, հայրենիքից միայն դա է բերել ու հիշողություններ, որ երբեք չի մոռանա: