Մատչելիության հղումներ

Բորիս Ավագյանի մարմինը դիահերձարանից կուղարկվի դատաբժշկական փորձաքննության. РИА


Բորիս Ավագյանի մարմինը դիահերձարանից կուղարկվի դատաբժշկական փորձաքննության, այս մասին հայտնում է ռուսաստանյան РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։

«Ավագյանի մարմինը գտնվում է դիահերձարանում, և մահվան պատճառը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն», - անանուն պաշտոնյայի խոսքերն է մեջբերում ռուսաստանյան պետական լրատվական գործակալությունը։

ՌԴ պետական ապարատի նախկին աշխատակից, ՀՀ քաղաքացի Բորիս Ավագյանին անցած օրերին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի հյուպատոսարանում, նախնական տեղեկություններով, հյուպատոսարանի զուգարանում:

«Այսօրվա դրությամբ իրավապահ մարմինները չեն կարողանում ինձ պատասխանել, թե ինչ պատճառներով ՀՀ քաղաքացուն չեն կարողանում ձևակերպել էքստրադիցիայի պահը», - մահից առաջ հրապարակված տեսանյութում ասում էր Ավագյանը:

«Ռոսրեեստր»-ի Սանկտ Պետերբուրգի վարչության ղեկավարի նախկին տեղակալ Ավագյանը, ըստ ռուսական աղբյուրների, փախել էր դատարանի շենքից, որտեղ նրան տեղափոխել էին խափանման միջոց ընտրելու համար: Դատախազությունը միջնորդել էր նրան կալանավորել ավելի քան 4,2 մլրդ ռուբլի մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով:

«Փաստինֆոն» սեպտեմբերի 23-ին գրել էր, որ Ավագյանն իրենց հետ կապ է հաստատել՝ ասելով, որ կամավոր ցանկանում է արտահանձնվել Հայաստանին, սակայն «հյուպատոսությունը չի ցանկանում ընթացք տալ գործընթացին»։








Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG