Մատչելիության հղումներ

«Ամեն օր ասել եմ՝ վաղը չեմ անելու, բայց...». թմրամիջոցների պատճառով երիտասարդ կանայք՝ ճաղերի հետևում


Երեք երիտասարդ կանայք բանտում հայտնվել են՝ թմրանյութ օգտագործելու և տարածելու մեղադրանքով: Եթե 5 տարի առաջ այդ հոդվածով 5 դատապարտյալ կար «Աբովյան» ՔԿՀ-ում, ապա այսօր նրանց թիվն ավելի քան կրկնապատկվել է՝ 12-ն են:

«Ազատության» հետ զրույցում երեք կանայք էլ ասացին, որ սարսափելի այդ ծուղակում են հայտնվել՝ մեկ անգամ փորձելու գայթակղությանը չդիմանալու պատճառով:

«Իմ փորձը ցույց է տալիս, ու ես հաստատ գիտեմ, որ հենց այդ մի անգամն է, ու մտնում ես դրա մեջ, որովհետև եթե դու մի անգամ օգտագործում ես, ասում ես՝ «դե մի անգամ արեցի, երբ ուզենամ, էլ չեմ անի, լավ, երկրորդն էլ անեմ, երրորդն էլ: Ու գալիս է, հասնում այն կետը, երբ հետ ես նայում ու հասկանում, որ 12 տարի օգտագործել ես ու ամեն օր ասել՝ վաղը էլ չեմ անելու, բայց չես կարողացել», - պատմեց կանանցից մեկը:

Այս տարվա 8 ամիսների տվյալներով՝ իրավապահների ջանքերով ավելի շատ թմրանյութեր են շրջանառությունից հանվել, բայց դրանց ապօրինի շրջանառության դեպքերը, միևնույնն է, աճել են: Օրինակ՝ նախորդ տարվա համեմատ, այս տարվա առաջին կիսամյակում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 83 տոկոսով: Թմրամիջոցների հետ կապված հանցանքների ամենամեծ աճը եղել է 2018-ից 2022-ը՝ չորս տարում դեպքերն աճել են 158 տոկոսով: Վերջին 8 ամիսներին իրավապահները բացահայտել են թմրամիջոցներ վաճառող 15 հանցավոր խումբ, և արգելափակել են դրանց վաճառքն իրականացնող 30 վիրտուալ հարթակ:

Ամեն տարի աճող այս թվերը մարդկային պատմություններ են: Օրինակ՝ մեր հաջորդ զրուցակիցը չափահաս է դարձել բանտում, պատմում է. «Իմ զուգընկերն զբաղվում էր աճեցնելով ու իրացմամբ: Ես գիտեի, որ ինքը դրանով զբաղվում է, բայց չէի ուզում դրա մեջ մտնել, այդ ժամանակ չէի օգտագործում: Շատ վատ էի, ու ասաց՝ կարո՞ղ է փորձես, համաձայնեցի, ու այդպես մոտ 2 ամիս ամեն օր օգտագործում էի: Ինքն սկսեց ցույց տալ, թե ոնց է ինքն աճեցնում, ինձ հետաքրքրեց, ու այդպես մենք մտանք դրա մեջ»:

Ամեն օր սպասում է դատարանի որոշմանը, գիտի՝ իրեն սպառնում է 6-12 տարվա ազատազրկում: Ասում է՝ միայն այս թվերն արտասանելիս մարմնում այնպիսի դող է զգում, ասես հոսանքահարվում է:

«Չէի կարողանում նորմալ հաց ուտել, ծնկներս ցավում էին, համարյա ամեն գիշեր լացում էի», - ասում է նա:

Ընտանիքը ներել է աղջկան, սպասում է վերադարձին: Դա է նրան ուժ տալիս ապրելու:

Ընտանիք վերադառնալ է ուզում նաև մեր մյուս զրուցակիցը. «Հիմա ես հստակ կարող եմ մի բան ասել՝ երբ դուրս գամ քրեակատարողականից, կյանքում մտքովս նույնիսկ չի անցնի, որ մոտ գնամ: Եթե կարողանամ ինչ-որ մեկին էլ հետ պահել, անտարբեր չեմ անցնի»:

Դեռ 2 տարի առաջ Հայաստանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թվերն այնքան մտահոգիչ էին, որ հարցը քննարկվել էր Անվտանգության խորհրդում՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ:

ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի՝ 2024-ի զեկույցի համաձայն՝ վերջին տասնամյակում թմրամիջոցների օգտագործման դեպքերն աշխարհում 20 տոկոսով աճել են: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունում է, որ պատկերը Հայաստանում էլ է մտահոգիչ, բայց պնդում է՝ աճող թվերը նաև բացահայտման հետևանք են. «Այս ռազմավարական մոտեցման շրջանակներում մենք 2023-ը երբ համեմատում ենք 2024-ի հետ, արձանագրում ենք, որ 2024 թվականի ընթացքում ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի և համագործակցության ինտենսիվացման արդյունքում ապօրինի շրջանառությունից դուրս ենք բերել շուրջ 426կգ թմրամիջոց, որը շուրջ 200 կգ-ով ավելին է, քան 2023 թվականը: Կարծում եմ՝ այս տեմպով աշխատանքները շարունակելու պայմաններում կկարողանանք ավելի լավ արդյունքներ ունենալ»:

Կառավարությունը հունիսին թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարություն ընդունեց՝ ավելի քան տասը ուղղություններով։ Անազատության մեջ գտնվող մեր զրուցակիցները տեղյակ չեն վերջին տարիներին դրսում իրականացվող այս ծրագրերից, բայց այդպիսի խոստումներ ամեն տարի են լսել: Ընդունում են՝ իրենք օրենքների խստացման հետևանքով են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, բայց կրկնում են՝ եղածը բավարար չէ՝ տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում իրավապահները պետք է նաև վիրտուալ հարթակները վերահսկելու լայն հնարավորություններ ունենան, հատկապես որ արագ գումար աշխատելու թվացյալ հնարավորությունը շատերին է հրապուրում:

«Ունեի ֆինանսական խնդիրներ, կյանքիս շատ դժվար փուլում էի: Երևի գումար հայթայթելու համար այդ պահին միակ տարբերակը դա էի տեսնում», - ասում է մեր զրուցակիցը:

14 տարի առաջ այս հոդվածով Հայաստանում 626 դատապարտյալ է եղել, հաջորդ տասնամյակում թվերը պարբերաբար նվազել կամ մի փոքր ավելացել են, սակայն անցած տարի ցուցանիշը կրկին մոտեցել է ավելի քան տասը տարի առաջվա թվերին մեկ տարբերությամբ՝ 2024-ին մինչև 17 տարեկանների շրջանում դեպքերը եռապատկվել են, իսկ 18-29 տարեկանների խմբում՝ հասել աննախադեպ մակարդակի:

Իսկ ի՞նչ են անելու այս կանայք ճաղերից դուրս, երբ պատիժը կրեն ու դուրս գան. մտավախություն ունեն, որ իրենցից բացի, որևէ մեկի վրա հույս դնել չեն կարող, հատկապես գործատուները խուսափում են նրանց աշխատանքի ընդունել:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG