Մատչելիության հղումներ

Կալանավորում ինքնահռչակ Դոնեցկի դատարանի վճռի հիման վրա. իրավապաշտպանը մտահոգ է


Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոյան, լուսանկարը՝ «Ազատության» վրացական ծառայությունից
Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոյան, լուսանկարը՝ «Ազատության» վրացական ծառայությունից

Վրաստանից Հայաստան եկած Գիորգի Կինոյանին (վրացական աղբյուրների տարբերակը՝ Կինոիանի) հայաստանյան իրավապահները ձերբակալել, ապա կալանավորել են՝ ինքնահռչակ Դոնեցկի դատարանի վճռի հիման վրա:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն է ստանձնել 29-ամյա տղամարդու պաշտպանությունը, ուսումնասիրել է փաստաթղթերն ու տարակուսել. «Մարդուն ապօրինի անազատության մեջ պահել «Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» ասված հանցավոր միավորման հանցավոր դատարանի կողմից մեղադրանքի հիման վրա, դա ուղղակի անպատկերացնելի է»:

Ռուսաստանի կողմից հետախուզվող տղամարդուն հայաստանյան ոստիկանությունը ձերբակալել է հենց սահմանին. դատախազը միջնորդել է կալանավորել, դատարանն էլ բավարարել է միջնորդությունն ու 40-օրյա կալանք տվել վրաստանցի տղամարդուն:

Իրավապաշտպանի խոսքով, հայաստանյան ողջ իրավական համակարգը հաշվի է առել աշխարհի կողմից չճանաչված, ավելին՝ Ռուսաստանի կողմից բռնազավթված Դոնեցկի ապօրինի դատարանի որոշումը: Գիորգի Կինոյանը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դեմ վարձկանության համար:

«Հարց՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչո՞ւմ է «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը», հարց՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչո՞ւմ է Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի անեքսիան: Մեր ամբողջ՝ դատախազ Կարապետյան, Ծատուրյան ոստիկան, դատավոր Սեփխանյան էր, ինչ էր, դրանք մեկ վայրկյան անգամ իրենց համակարգերում գտնվելու իրավունք չունեն», - ասաց Սաքունցը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունց
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00

Կինոյանի վերաբերյալ փաստաթղթերը գտնվում էին և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի իրավապահների ձեռքում: Հայաստանյան դատարանին ու դատախազությանն անգամ իրենց որոշումից հետ չի կանգնեցրել վրաստանցի երիտասարդի հայ փաստաբանի դիտարկումը, թե Դոնեցկը ՄԱԿ-ի կողմից ճանաչված չէ, հետևաբար դրա դատարանի որոշումն էլ անհիմն է: Օրինակ՝ Վրաստանում հենց այդ հիմքով մերժել են Ռուսաստանին ու գործը համարել փակված:

Ստացվում է, որ միևնույն փաստաթղթերի դեպքում երկու երկրների իրավապահ համակարգերը հակառակ դիրքորոշումն են ընդունել, նկատում է Սաքունցը. «Վրաստանի ոստիկանության փոխգնդապետը իր այս փաստաթղթով ցույց է տալիս իրավական պետության տիպիկ վարքագիծ՝ հղում անելով անգամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշումներին, հղում անելով իր պետության կողմից այդ մոտեցումներին, ելնելով նաև իր երկրի իրավական համակարգի.... բացառիկ գիտելիք, որ չկա այդպիսի պետություն»:

Գիորգիի եղբայրն «Ազատությանը» փոխանցեց՝ ակտիվ քննարկման մեջ են իրավապաշտպանի հետ, և սպասում են կալանքի որոշման բողոքարկմանը: Երեկ Վակո Կինոյանը պատմել էր, որ Գիորգին մոր ու հոր հետ հատել է Հայաստանի սահմանն ու իրենց անհայտ պատճառներով ձերբակալվել:

«Կալանավորումից հետո՝ հինգշաբթի օրվանից մենք ոչ մի լուր չունենք նրանից, ես չգիտեմ՝ ինչպես է նա։ Ես խոսեցի հանրային պաշտպանի հետ։ Նա մեզ հույս չտվեց։ Ասում էր, թե արտահանձնման վտանգը շատ մեծ է։ Շատ սարսափելի է լսել, որ եղբայրս կարող է գերի ընկնել Ռուսաստանում։ Հասկանալի է, թե ինչ կանեն եղբորս հետ այնտեղ, ես անգամ պատկերացնել էլ չեմ ուզում», - ասաց Վակո Կինոյանը:

Ըստ ընթացակարգի, Արդարադատության նախարարությունն է որոշելու՝ արտահանձնել Գիորգի Կինոյանին Ռուսաստան, թե մերժել այդ երկրի խնդրանքը: Նախարարությունը, սակայն, արդեն դիրքորոշում է հայտնել, թե Կինոյանին պետք է կալանավորել: Թե որո՞նք են հիմքերը, չբացահայտեցին, սակայն Սաքունցի խոսքով, հիմնվել են հենց Դոնեցկի դատարանի վճռի վրա:

Ինչո՞ւ են Արդարադատության նախարարությունն ու դատախազությունն իրավական գործընթաց սկսել ինքնահռչակ Դոնեցկի դատարանի վճռով, այս կառույցները չեն մանրամասնում:

Վրաստանի քաղաքացու կալանավորումը կրքեր է բորբոքել Վրաստանի ներքաղաքական կյանքում։ Ընդդիմադիրներն իշխանությանը մեղադրում են, որ Կինոյանին չեն տեղեկացրել հետախուզման մասին:

Վերջին տարիներին Հայաստանում Ռուսաստանի պահանջով Ուկրաինայի դեմ կռվելուց հրաժարված մի քանի ռուսաստանցիներ են ձերբակալվել: Եղել են և՛ արտահանձնման, և՛ արտահանձնումը մերժելու դեպքեր: Իրավապաշտպան Սաքունցը մտահոգված է՝ Ռուսաստանում նրանց կյանքին վտանգ է սպառնում:






XS
SM
MD
LG