Մատչելիության հղումներ

Գրքի փառատոն Երևանում․ Սարոյանը, պատերազմը և ժամանակակից հայ գրականությունը «Բուքֆեսթ»-ում


Հայաստանի ազգային պատկերասրահի կամարների ներքո հարյուրավոր գրքեր են կուտակված, մարդիկ կարդում են, գնում են, ամեն մի կլոր ժամի էլ պատկերասրահի ներսում մի նոր գրքի, մի նոր հեղինակի, մի նոր մտքի ներկայացում է:

8-րդ անգամ արդեն Գրքի երևանյան միջազգային փառատոնն է։ Գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանն է պատմում՝ տարբեր երկրներից հրատարակիչներ են հրավիրել, որոնք փառատոնի ավարտին իրենց հետ տանելու են ժամանակակից որևէ հայ գրողի ստեղծագործության ձեռքբերման պայմանագիր և իրենց երկրում, իրենց լեզվով հրատարակելու են հայ գրականություն։ Անուններ դեռ չեն հնչում..

«Նրանք ազատ են ընտրելու իրենց ուզած գրողին այն հրատարակչությունների և գրական գործակալությունների գրողների ցանկից, որոնք իրենք կտեսնեն գործընկերային հարաբերությունների և հանդիպումների ժամանակ», - ասաց Սարգսյանը:

Փառատոնը գրքերի պրեմիերայի համար հարմար հարթակ է, ու այս տարի էլ դրանք քիչ չէին. մի քանի օրում՝ մի քանի տասնյակ գրքի շնորհանդես՝ Մարկ Արենի «Շերլոք Հոլմսի նոր արկածները», Նարիեն Աբգարյանի քրոջ՝ Սոնայի պրեմիերան էր՝ «Պառվի ուլերը», Վիլյամ Սարոյանի՝ «22 անտիպ պատմվածք»-ը։

«Մենք այսօր այստեղ ենք՝ խոսելու այս գրքի մասին, ինչը սենսացիա է։ Եվ ես ուրախ եմ, որ այն կիսում եմ հայերի հետ»,- գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը։

Սարոյանական գործերի այս ժողովածուում 1930-70-ականներին գրված պատմվածքներն են... Ի դեպ՝ «Բուքֆեսթ»-ին զուգահեռ Սարոյանական օրերն են անցնում, ու այս խաչմերուկում ավանդական դարձած 4 անվանակարգերում մրցանակներ բաժանելուց բացի՝ «Սարոյան» հիմնադրամի հետ առաջին անգամ կանցկացվի նաև Սարոյանի անվան կարճ պատմվածքի միջազգային մրցույթ. 108 դիմում՝ 25 երկրից։ Հաղթողի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 7-ին։

Այս տարի հրատարակված գրքերում էլ պատերազմը, կորուստը գլխավոր դերում էին։ «Մեդիամաքս»-ը, օրինակ, թարգմանել է «Պոլիտիկո» պարբերականի թղթակից Գաբրիել Գևինի՝ «Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը՝ Մեր հայրերի մոխիրը», որտեղ լրագրողը սեփական աչքով ու ականջով տեսածն ու լսածն է պատմում։ «Վերջին գիշերը երկրագնդի վրա» կոմիքսը վիզուալ պատմությունների շարք է՝ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից... այստեղ կնոջ աչքերով ու էմոցիաներով է անցնում պատերազմի արհավիրքը։

«Աշնան քսանչորսերորդ օրը մայրաքաղաքը օնլայն ռեժիմով հետևում էր՝ ինչպես է հանձնվում երկիրը՝ փոքրը», - Լուսինե Հովհաննիսյանը հենց առաջին տողով ասում է՝ «Աշնան 24-րդ օրը» ամենևին էլ ժամանակ չէ, վայր է։

Արցախից չորս սերնդի կանանց պատմություն, որ շարադրվել է պապենական տան մարջանագույն դարպասից այն կողմ, որտեղ այդ կանանցից որևէ մեկը չի ապրել, որն արդեն երևում է միայն Google Earth-ի հավելվածում, և որին մինչև ողբերգական այս իրադարձությունները հենվել ու նկարվել էր այս կանանցից որևէ մեկի հետ որևէ կապ չունեցող մի օտար կին՝ Ֆեյսբուքից։

«Պատերազմի մասին գրելը թերապիա է», - ասում է Լուսինե Հովհաննիսյանը՝ «քեզ ես բուժում, հետո էլ երևի՝ ով ուզի բուժվել»։ «Ինձ եմ առաջին հերթին ինչ-որ հանգստություն տվել և ուզել եմ, որ այդ մարդկանց մասին գրված տողը մնա: Ինձ թվում է՝ դա ավելի հավերժական հուշարձան է, քան քարը»:

Իրենց գուցե և չապրած կյանքով կկենդանանան նաև հեղինակներից մեկի՝ «Բուքֆեսթ»-ի նախորդ մրցույթներից մեկի հաղթող Հովիկ Աֆյանի հերոսները։

Արդեն մի քանի լեզուներով թարգմանված «Կարմիրը», որ կարմիր թելի պես խճճվել է մի քանի պատերազմներում, հիմա էլ ռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանը կինոլեզվով կներկայացվի. «Խոսում են, որ ժամանակակից գրականություն չկա, ժամանակակից գրականության ներկայացուցիչներն ասում են, որ ժամանակակից կինո չկա՝ իրար չճանաչելու արդյունքում գուցե: Հիմա «Կարմիրի» ֆիլմ դառնալը, իմ կարծիքով, գալիս է, փոքրիկ փորձ է անում ապացուցելու, որ երկուսն էլ երևի կան»:

«Կարմիրը» արտադրական փուլում է, պրեմիերան ակնկալվում է՝ հաջորդ տարվա սկզբին։

Գիրքը կինո է դառնում, գրողը՝ նկարիչ։ «Բուքֆեսթ»-ն այս առումով էլ սահմաններ չի գծել։ Պատկերասրահի հենց հարևանությամբ՝ Գրականության և Արվեստի թանգարանում էլ Վիլյամ Սարոյանն է շրջում իր հեծանիվով։

«Սարոյանական գույներ. բառերից անդին» ժամանակավոր ցուցադրությունն իրականացվում է ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ներկայացված են Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները, ինչպես նաև գրողի հեծանիվը, որը նա հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG