Մատչելիության հղումներ

«Հո ես իմ թշնամին չե՞մ». տեսողություն չունեցող Սերգեյ Խուդայանը ընտանիքով հայտնվել է փողոցում


Սերգեյ Խուդայանը ոչինչ չի տեսնում, հաշմանդամություն ունեցող աղջկա, կնոջ, 7-ամյա թոռան հետ փողոցում է հայտնվել։

«Օգտվելով քո վիճակից, կարող են տունը ծախել, կամաց-կամաց քեզ հեռացնեն այնքան, որ դու փաստորեն էլ ուրիշ բան չունենաս, անելու», - ասաց Խուդայանը։

Ոստիկանները ընտանիքին վտարել են Մասիսի Խաչփար գյուղի իրենց տնից, որին սովորել է, ուր ամեն ինչ շոշափելով գիտեր, սակայն հինգ հոգանոց ընտանիքը մնացել է առանց տանիքի՝ վարկերը չմարելու պատճառով։

«Այսօր ամբողջ աշխարհը միտված է մեր նման ընտանիքներին ինչ-որ ձևով աջակցելու համար։ Մեր մոտ, փաստորեն, բավական է դու սայթաք ես: Ենթադրենք, ինչ-որ տեղեր ես սխալ եմ եղել, գուցե հետևողական չեմ եղել, բայց բոլորի պատճառը կա, այդ ամեն ինչի պատճառը ես ունեմ, հո ես իմ թշնամին չե՞մ», - նշեց նա։

69-ամյա տղամարդը 2019-ին վարկ էր վերցրել անասնագոմ կառուցելու նպատակով, գրավ էր դրել իրենց միակ սեփականությունը՝ տունը. «Մինչև դեկտեմբեր ամիսը ես իդեալական, ընտանիքի անդամներն էլ ունեցել ենք իդեալական վարկային պատմություն։ Դրանից հետո, երբ որ այդ համաճարակը եղավ, արդեն իմ համար և բոլորիս համար ռիսկային էր տեղաշարժել։ Ես մտածում էի, դե այսօր կվերջանա, այսօր, վաղը, այսօր, վաղը, այսօր, վաղը, դա տևեց շատ-շատ երկար։ Այդ ընթացքում այդ գումարները պարզ է, որ ծախսվեց»։

Անասնագոմի համար վերցրած մոտ 5 միլիոն դրամին հետո այլ սպառողական վարկեր են ավելացել։ Երբ չեն կարողացել մարել, բանկերը պահանջել են բռնագանձել ընտանիքի միակ աշխատողի՝ Սերգեյի աշխատավարձը, հետո արդեն տունն է հանվել Աճուրդի։

«Երկու ժամ հետո ես չգիտեմ՝ ինչ է լինելու իմ համար։ Դժվարանում եմ ասել։ Այնքան անորոշ է իմ համար ամեն ինչ»։

Խուդայանը կասկածներ ունի, որ իրեն խաբել են՝ օգտվելով իր վիճակից։ 2023 թվականին հարկադիրում վստահեցրել են՝ եթե դիմի սնանկության դատարան, տան կորստից կխուսափի։ Նրան սնանկ են ճանաչել, ապա սնանկության գործով կառավարիչը միջնորդել է դատարանին, որ տունը աճուրդով վաճառի։ Իսկ արդեն վտարումից օրեր առաջ հանրային պաշտպանի գրասենյակից, իր խոսքով, փաստաբան չեն տրամադրել։

«Ես ոչ կարողացա հանրային պաշտպան ունենամ, որ դիտարկեմ նախկինում ինչ է եղել։ Հետո, քանի որ իմ մոտ արդեն ես զգում էի, որ մոտենում է վտարման ժամանակը, գոնե ժամանակ չունեցա, որ դիմեմ, օրինակ, վարչական դատարան, գոնե այդ կասեցումը բան անեմ, այդ վտարումը կասեցնեն, մինչև ես իրավունք ունենամ լիարժեք դիմել դատարան ու վիճարկել այն, ինչ որ իմ հետ կատարվել է», - նշեց 69-ամյա տղամարդը։

Ընտանիքը նաև պնդում է, որ չնայած պատկան մարմիններին ուղղված իրենց դիմումներին, պատշաճ արձագանք չեն ստացել: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից արձագանքում են, անընդհատ կապի մեջ են Խուդայանների հետ. «Մեր աշխատակազմը, տիկին Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ, անմիջապես կապ է հաստատել քաղաքացու հետ և տեղի է ունեցել նաև հանդիպում քաղաքացու հետ նույն օրը։ Անմիջապես նախաձեռնել են քննարկում և միասնական սոցիալական ծառայության հետ երկու ուղղությամբ ենք հիմնականում մեր աշխատանքները իրականացրել, հիմա էլ շարունակում ենք։ Մեր պահանջը հետևյալն է՝ նախ անմիջապես պետք է իրականացվի քաղաքացու ընտանիքի կարիքների գնահատում, միաժամանակ ապահովելու կացարանով»։

Խուդայանը վստահ է՝ եթե իրեն ևս մեկ հնարավորություն տրվի, կկարողանան հետ բերել միակ կացարանը։

Այսօր ընտանիքը մասնատվել է, առանձին-առանձին հարազատների տանն են ժամանակավոր բնակվում։ Ընտանիքի առանց այդ էլ մռայլ առօրյայում լույսի շող գրեթե չի մնացել։ Կառավարությունն այսպիսի ընտանիքներին օգնելու ծրագիր չունի, իսկ այս պահին անորոշ է ոչ միայն հաշմանդամություն ունեցող մեծերի, այլև յոթամյա Հայկի ճակատագիրը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG