Գազայում սնունդ ստանալիս պաղեստինցիներ են սպանվում ու «բռնի անհետանում», կրկին ՄԱԿ-ն է ասում:
Չնայած անկախ տվյալները ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունները փաստում են՝ հարյուրավոր պաղեստինցիներ սովամահ են եղել, հազարներով երեխաներ թերսնված են, բայց Իսրայելը չի ընդունում, որ նման բան կա:
Մարդածին պատճառներով սով, այս աշխարհը մեկ անգամ չէ, որ տեսել է. Ստալինը 1932-33 թվականներին էր ուկրաինացիների համար «սով կազմակերպել»: Աշխարհին ցորեն մատակարարող այս տարածքում մոտ 4 մլն մարդ սովամահ եղավ՝ դաժան բռնաճնշումների ենթարկվելով: Սա պատմության մեջ հայտնի է Հոլոդոմոր անունով: Սրանք այն տարիներն էին, երբ տնտեսությունը կոլեկտիվացվում էր ու մարդկանց կուլակաթափ էին անում:
Բռնապետ Ստալինի օրոք կատարվածն այսօր որոշ երկրներ որպես ցեղասպանություն են ճանաչում: Այս նույն քաղաքականությանը 1.5 մլն մարդ էլ Ղազախստանում զոհ գնաց:
Այնպես չէ, որ միայն Սովետն է իր ժողովրդին քաղցի դատապարտել. Ստալինից ընդամենը 10 տարի անց խորհրդային ժողովուրդներն ու կրկին՝ հատկապես ուկրաինացիները նացիստների թիրախում էին: Հիտլերի «Սովի պլանը» 1940-ականներին նպատակ ուներ խորհրդային ժողովուրդների սնունդը հասցնել գերմանացիներին, արդյունքում պլանավորում էին 30-40 մլն մարդու մահ՝ սովի ու իրենց քաղաքականության հետևանքով: Հիտլերի թիմակիցներն այս նպատակները նաև գրի էին առնում, օրինակ, «Կանաչ թղթապանակում»:
Չնայած նացիստներն ավելի, չակերտավոր ասած, հայտնի են մեկ այլ վայրագությամբ՝ այսօրվա իսրայելցիների պապերին ցեղասպանելով, բայց, ըստ արևմտյան աղբյուրների, այս գրեթե մոռացված վայրագությանը՝ «Սովի պլանին», ավելի քան 4 մլն մարդ է զոհ գնացել:
Այս «ջանքերով» միայն Հիտլերն ու Ստալինը չեն պատմության մեջ մնացել:
Ոսկով ու նավթով հարուստ, Նեղոս ունեցող ու Սուեզի ջրանցքը քթի տակ. թվում է երանելի աշխարհագրական դիրք ունի Սուդանը, բայց այս հողի վրա հենց այս օրերին երեխաներ են մեռնում, քաղաքացիական դաժան պատերազմ է ու աշխարհին երբևէ հայտնի խոշորագույն հումանիտար ճգնաժամը 21-րդ դարում:
2023-ից հետո Սուդանում երկու գեներալների դաժան պայքարն է. ՄԱԿ-ը հայտարարում է, որ Սուդանում առնվազն 25.5 մլն մարդ ծայրահեղ սովի է բախվում:
Միջազգային կառույցներն արդեն հայտարարում են՝ Սուդանի քաղաքացիական պատերազմը մարդածին սովի պատճառ է դառնում, փախստականների ճամբարներում այս վիճակն է… Իսկ իրար դեմ կռվող այս երկու նախկին դաշնակիցների հետևում տարբեր երկրների, այդ թվում՝ Մոսկվայի ականջներն են երևում:
Բայց սովը որպես պատերազմի գործիք դիտարկելու համար մեզ շատ հեռու պետք չի գնալ. Արցախի օրինակը վկա:
2022-ի դեկտեմբերից մինչև 2023-ի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղում 120.000 հայ բլոկադայի մեջ էր. սննդի ու դեղորայքի ճամփան փակած ադրբեջանցիները ներկայանում էին, ոչ ավել, ոչ պակաս, որպես բնապահպաններ: Չնայած աշխարհի բազմաթիվ երկրների ու ՄԱԿ-ի կոչին ու դատապարտմանը՝ Ադրբեջանը շարունակեց շրջափակումը, սովամահության մի դեպք գրանցվեց:
2023-ի սեպտեմբերի 23-ին ռազմական գործողությունները փաստացի թերսնման վտանգի տակ հայտնված հայերին գաղթական դարձրին: Արցախը հայաթափվեց:
Գիտությունը՝ բժշկությունը, բարոյական պատճառներով հստակ չի կարող ասել՝ ինչքան ժամանակում է մարդը սովամահ լինում, բայց ըստ երևույթին, դրա համար մինչև 3 շաբաթ է պետք: Մոտավորապես այդքան ժամանակում, մարդու մարմինը դանդաղ քամվում է, հետո օրգանիզմը սկսում է սնունդը ոսկորներից ու մկաններից ստանալ: Իսկ սովամահ լինող մարդիկ միայն քաղցի դեմ չեն ստիպված պայքարել. հումանիտար այս ճգնաժամը վարակների բուն կարող է դառնալ, իսկ եթե հաջողվի հանկարծ շատ սնունդ ստանալ՝ գերսնուցումն էլ կարող է մահաբեր լինել:
Իսկ մինչ այդ միջազգային կոնվենցիաները սահմանում են՝ սովը որպես պատերազմելու մեթոդ օգտագործելը պատերազմական հանցագործություն է: