Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ն ահազանգում է Գազայի սննդի բաշխման կետերում պաղեստինցիների «բռնի անհետացման» մասին


Գազայի հատված
Գազայի հատված

ՄԱԿ-ն ահազանգում է Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) բաշխման կետերում սնունդ փնտրող պաղեստինցիների «բռնի անհետացման» մասին՝ կոչ անելով Իսրայելին դադարեցնել «սարսափելի հանցագործությունը»։

ՄԱԿ-ը վկայակոչում է յոթ անկախ փորձագետների համատեղ հայտարարությունը, որում տեղեկություններ են մի խումբ պաղեստինցիներ մասին, այդ թվում՝ մեկ երեխայի, որոնք «բռնի անհետացել են» Ռաֆահ քաղաքում օգնության բաշխման կետեր գնալուց հետո։

«Սովամահ խաղաղ բնակիչների բռնի անհետացման մասին հաղորդագրությունները ոչ միայն ցնցող են, այլև հավասարազոր են խոշտանգումների»,- ասել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից լիազորված փորձագետները։

Բռնի անհետացումների հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի հինգ անդամների, ինչպես նաև Պաղեստինի տարածքներում իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի և սննդի իրավունքի հարցերով նրա գործընկեր Մայքլ Ֆախրիի համատեղ հայտարարության մեջ էլ նշված է, որ Իսրայելի զինվորականներն են «անմիջականորեն ներգրավված օգնություն փնտրող մարդկանց հարկադիր անհետացումներում»։

Իրավապաշտպանները պնդում են նաև, որ Իսրայելի զինվորականները «հրաժարվում են տեղեկատվություն տրամադրել ազատությունից զրկված անձանց ճակատագրի և գտնվելու վայրի մասին»։

ՄԱԿ-ն անցյալ շաբաթ առաջին անգամ պաշտոնապես փաստեց՝ Գազայում սով է՝ Իսրայելին մեղադրելով մարդասիրական առաքումների «համակարգված խոչընդոտման» մեջ։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակն իր հերթին հայտարարել է՝ Գազայի հատվածում մայիսից ի վեր օգնություն փնտրելիս սպանվել է 1857 պաղեստինցի, այդ թվում՝ 1021-ը՝ GHF-ի կետերի մոտ։

XS
SM
MD
LG