Մատչելիության հղումներ

Ինչի՞ հետևանքով է տեղի ունեցել Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունը


Երեկ Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունից տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ ծանր վիճակում ու վերակենդանացման բաժանմունքում գտնվող տուժածը տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում: Այս մասին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Պայթյունն ու հրդեհը տեղի էին ունեցել երեկ կեսօրից հետո, Toyota մակնիշի մեքենայում, պայթյունից տուժել էր նաև 58 երթուղու ավտոբուսի ուղևորները, ավտոբուսի երկու պատուհանները փշրվել էին:

Ինչո՞ւ և ինչի՞ հետևանքով էր տեղի ունեցել պայթյունը, Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Շահվերդյանը փոխանցեց՝ քրեական վարույթ է հարուցվել տրանսպորտային միջոցները անորակ վերանորոգելու կամ անսարքությամբ շահագործման բաց թողնելու հոդվածով՝ 345-ի առաջին մասով, պատճառներն ու հանգամանքները նախաքննությունը կպարզի:

«Պայթյունի պատճառի մասին հստակ կարող ենք ասել փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո», - ասաց Շահվերդյանը:

Մեքենաների գազաբալոնի տեղադրման և շահագործման ընկերությունների վերահսկողությամբ զբաղվում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պետի պարտականությունները կատարող Արամ Աղայանն ասում է՝ իրենց նախնական ուսումնասիրությամբ՝ գազի բալոնը ոչ թե պայթել է, այլ գազի արտահոսք է տեղի ունեցել:

«Գազի արտահոսքից առաջացած գազի կուտակումն է պայթել: Ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ տվյալ տրանսպորտայինը միջոցի գազաբալոնը տեղադրված չի եղել լիցենզավորման ընկերության կողմից: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող լիցենզավորված կազմակերպություններից և ոչ մեկը չէր տեղադրել այդ գազաբալոնը, ինչպես նաև ճնշափորձարկում անցած չէր եղել: Տվյալ տրանսպորտային միջոցի գազաբալոնը տեղադրվել է ինչ-որ այլ կայանում կամ գարաժում, որտեղ անօրինական կերպով տեղադրում են, որովհետև ոչ մի գրանցում չի ունեցել ու վերահսկողության դաշտից դուրս է եղել», - նշեց նա:

Իսկ մեքենայում, ըստ Արամ Աղայանի, գազի բալոն ընդհանրապես չպետք է տեղադրված լիներ: Տեխնիկական զննության կայանում այն գրանցվել է իբրև բենզինի շարժիչով մեքենա:

«Տեխնիկական զննության կայանները պարտավոր են տրանսպորտային միջոցում գազաբալոն հայտնաբերելու դեպքում ստուգել տվյալ տրանսպորտային միջոցը ճնշափորձարկում անցա՞ծ է կամ օրինակա՞ն է տրամադրվել, թե՞ ոչ: Տեխնիկական զննություն անելու պարագայում նշվել է՝ բենզինային շարժիչով: Տվյալ տեխնիկական զննության կայանում իրականացնում ենք ստուգում՝ պարզելու, թե արդյոք տվյալ տրանսպորտային միջոցը պատշաճ տեխնիկական զննում անցե՞լ է, թե՞ ոչ», - ասաց Աղայանը:

Երեք տարի առաջ՝ որոշակի օրենսդրական խստացումներ են կատարվել, 100 -ից ավելի ընկերություններ լիցենզիա են ստացել գազաբալոնները տեղադրելու և ստուգելու համար, տեխզննման կայանները պարտավոր են պահանջել ճնշափորձարկման մասին տեղեկանք, գազալցակայաններն էլ իրավունք չունեն գազով լիցքավորել մեքենան, եթե այն փորձաքննություն անցածների օնլայն շտեմարանում չի երևում:

Մեքենաներում նման պայթյունների համակարգված վիճակագրություն որևէ մարմին չի վարում: Սակայն վթարներին ու արտակարգ դեպքերին հետևող Գագիկ Շամշյանի լրատվական կայքում նման դեպքերի մասին հաղորդումները շատ հաճախ են, միայն վերջին չորս շաբաթների ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է:

Օգոստոսի 27-ին հրդեհի բռնկումով պայթյուն է տեղի ունեցել Երևանում Բագրատունյաց-Արշակունյաց պողոտայի խաչմերուկում, դարձյալ վարորդը այրվածքներով հայտնվել էր հիվանդանոցում: Օգոստոսի 6-ին Ավանում՝ Աճառյան փողոցում պայթյուն էր տեղի ունեցել: Ավելի վաղ՝ հունիսի 13-ին մեքենա էր պայթել Սևանում՝ գազալցակայանում լիցքավորման ժամանակ, մայիսի 1-ին էլ Opel մեքենայի գազի բալոնն էր պայթել Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, մի քանի մեքենա էր վնասվել:

«Վարորդի ընկեր» Հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն ասում է՝ թեև օրենսդրական փոփոխություններ արվել են, սակայն կրկնվող այս դեպքերը ոլորտում վերահսկողության խնդիրների մասին են խոսում, իրավիճակը փողոցներում մտահոգիչ է:

«Կառույցը պետք է իր գործառույթներն ավելի օրենքին համապատասխան իրականացնի, որպեսզի այդ խնդիրը կարողանանք որոշակի մեղմել: Մեզանից տարիներ շարունակ գումարներ են գանձում տեխզննման անցկացման համար, բայց ոչ մի բան էլ չեն անում, ի՞նչ են անում որ: Խոսում ենք երթևեկության անվտանգությունից, մարդկանց անվտանգության ապահովումից, ոչ մի անվտանգություն էլ չկա՝ ով որտեղ ուզում է, ինչ գազ ուզում է, տեղադրում է, ունենում ենք այս իրավիճակը: Դրա համար պետք է հսկողություն իրականացնեն: Բացի այդ, այն կառույցները, որոնք գազ են տեղադրում, այդ ոլորտն էլ պետք է որոշակի կարգավորեն, որպեսզի ամեն մարդ չկարողանա գազաբալոն տեղադրի ու վտանգի թե՛ մեր, թե՛ հասարակության կյանքը», -ընդգծեց Քեյանը:



XS
SM
MD
LG