Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայ - պակիստանյան կոմյունիկեի ստորագրումից 24 ժամ չանցած, Իսլամաբադն, ըստ ադրբեջանական մամուլի, արգելափակեց Շանհայի Համագործակցության Կազմակերպությանը Երևանի անդամակցության հայտը։
Ինչպե՞ս են Երևանում արձագանքում այս տեղեկությանը. Հայաստանի արտաքին գերատեսչությունից միայն այսքանը փոխանցեցին. «Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»:
Այսօր ավելի վաղ ադրբեջանական մամուլը համեմատականներ էր տարել՝ գրելով՝ մինչ Պակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհին է, Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու դիմումը։ Պնդում են, որ Հնդկաստանի դիրքորոշումը սերտորեն կապված է Ադրբեջանի՝ Պակիստանի հետ եղբայրական հարաբերությունների հետ։
Իսկ այս լուրից ժամեր առաջ Հայաստանի և Պակիստանի արտգործնախարարները Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող Շանհայի Համագործակցության Կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կոմյունիկե էին ստորագրում այն մասին, որ Երևանն ու Իսլամաբադը դիվանագիտական հարաբերություններ են պատրաստվում հաստատել։ Այս քայլին Պակիստանը գնաց Հայաստանի անկախացումից 34 տարի անց միայն:
Պակիստանը Ադրբեջանի մերձավոր դաշնակիցներից է, զենքի հիմնական մատակարարներից: Օրեր առաջ Պակիստանի վարչապետը Ստեփանակերտում էր:
Հայաստանը 44-օրյա պատերազմի օրերին, այդ թվում՝ Պակիստանին էր մեղադրում Ադրբեջանին աջակցելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ ասել էր, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Պակիստանի բանակի հատուկ ջոկատայինները մարտի դաշտում են:
APRI Armenia-ում ռազմական վերլուծաբան և հետազոտող Լեոնիդ Ներսիսյանը չի կարծում, որ նոր ձևավորվող հայ-պակիստանյան հարաբերությունները որևէ կերպ կարող են ազդել ադրբեջանա-պակիստանյան ռազմական փոխհամագործակցության զարգացման վրա։ Հայաստանի համար լավատեսության ազդակներ, սակայն, ռազմական փորձագետը տեսնում է։
«Գոնե ֆորմալ թշնամի Հայաստանը հիմա ավելի քիչ ունի: Բնականաբար, գործընկեր երկիր չի դեռ, կարելի է երևի մինչև ինչ-որ չափ զարգացնել այդ համագործակցությունը: Նույն ժամանակ ակնկալիքներ ունենալ, որ շատ մոտ պետություն է դառնալու մոտական 5-10 տարվա մեջ, դա կլինի շատ օպտիմիստիկ», - ասաց Ներսիսյանը:
Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ նախօրեին պակիստանցի իր գործընկերոջ հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը և ընդգծել, որ Երևանի և Բաքվի միջև հաստատվել է խաղաղություն, ինչի կապակցությամբ Մոհամմադ Իշաք Դարը շնորհավորել է Միրզոյանին։
Հայ փորձագետի կարծիքով՝ սա ամենևին չի նշանակում, որ Պակիստանն ու Ադրբեջանը ռազմական ոլորտում կդադարեն համագործակցել, հատկապես, որ դա տնտեսապես շահավետ է Իսլամաբադի համար։ Ըստ Ներսիսյանի, հայ-պակիստանյան կոմյունիկեն նաև կարելի է ընկալել վերջերս Վաշինգոտնում նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի լույսի ներքո։
«Բավականին ակնհայտ է, որ հենց ԱՄՆ-ում հանդիպումից հետո են այս որոշումները եղել, և չէր լինի դա, եթե պայմանավորվածություններ չլինեին Հայաստանի ու Ադրբեջանի մեջ: Պարզ է, որ Ադրբեջանն էլ երևի չի էլ շատ աշխատել բլոկել Պակիստանի այդ որոշումը», - ընդգծեց Լեոնիդ Ներսիսյանը:
Այն, որ Պակիստանի այս վերջին քայլը համաձայնեցվել է Բաքվի հետ, հաստատում է նաև ադրբեջանական մեդիան։ Լրատվամիջոցներից մեկն էր գրել, որ Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո քննարկումներ են տեղի ունեցել Իսլամաբադում։
Ի դեպ, պատահական չէր թերևս այն, որ հայ-պակիստանյան կոմյունիկե ստորագրվեց չինական քաղաքում։ Չինաստան–Պակիստան հարաբերությունները միջազգային հարաբերությունների ամենահայտնի օրինակներից են, որոնք հաճախ բնութագրվում են որպես «երկաթե եղբայրություն»։ Չինաստանը Պակիստանի համար գլխավոր ներդրողներից և առևտրային գործընկերներից է։ Պակիստանի ռազմական տեխնիկայի զգալի մասը չինական արտադրության է։ Չինաստանը մշտապես կանգնում է Պակիստանի կողքին՝ Հնդկաստանի հետ կապված հարցերում, մասնավորապես՝ Քաշմիրի հարցում։
Երևանը մինչդեռ ճիշտ հակառակը՝ Քաշմիրի հակամարտությունում պաշտոնապես աջակցում է Նյու Դելիին։ Հնդկաստանը Հայաստանին զենքի խոշոր վաճառողներից է:
«Պետք է առաջինը հասկանալ, որ Պակիստանն առաջինը շատ մոտ է, Ադրբեջանի հետ է աշխատում և ինչ-որ հարցեր կան, որ չի լինի համ մեկի հետ, համ էլ մյուսի հետ շատ մոտիկ հարաբերություններ ունենալ: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Հնդկաստանը շատ ավելի զարգացած պետություն է, քան Պակիստանն է, ու այդ երկուսի մեջ ընտրելուց, ճիշտն ասած, ես հարցեր չունեմ՝ ում հետ է Հայաստանին ավելի հետաքրքիր ավելի ռազմական մակարդակում հարաբերություններ ունենալ: Տնտեսական իմաստով էլ նաև Հնդկաստանը անգամներ ավելի լուրջ պետություն է, քան Պակիստանը», - ասաց փորձագետը::
Երևանն ու Դելին բաց հայտարարում են, որ 20 թվականի պատերազմից հետո համագործակցում են պաշտպանական ոլորտում, սակայն գնումների տեսակն ու ծավալները չեն բացահայտվում։