Մատչելիության հղումներ

«Կրթության ոլորտի մարդիկ պետք է կրթական հաստատություններում զբաղվեն կրթության գործընթացով». Ժաննա Անդրեասյան


Նոր ուսումնական տարին չորս օրից մեկնարկում է, և այն նաև նախընտրական է. աշակերտական սև ու սպիտակով ասուլիսի եկած կրթության նախարարը քաղաքական զսպվածության նախազգուշացում ունի ոլորտի մարդկանց՝ դրան չհետևողները կազատվեն գործից:

«Եվ ես, հաշվի առնելով նաև, որ առաջիկայում մեզ սպասվում են ընտրություններ, այս առիթը օգտագործելով ուզում եմ ևս մեկ անգամ հստակ հայտարարել. կրթության ոլորտի մարդիկ պիտի կրթական հաստատություններում զբաղվեն կրթության գործընթացով», - նշեց նախարարը։

Իսկ «Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը զգուշացում ստացա՞վ. նա Վեհափառին հեռացնելու Փաշինյանի օրակարգին էր միացել ֆեյսբուքյան իր էջով։

Նախարար Անդրեասյանի խոսքով՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթահամալիրի տնօրենի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել քաղաքային իշխանությունը։ Հարցն ուսումնասիրել են, որևէ հակասություն չեն տեսել, զգուշացրել են։ Ինչո՞ւ են զգուշացրել, եթե օրենքի հետ հակասություն չկա, հայտնի չէ։ Նախարարն ինքը խնդիր կարծես թե տեսնում է. - «Դա պետք չի անել։ Եվ ես կարծում՝ եմ դրա կարիքը ընդհանրապես չկա, և հորդորում եմ մեր բոլոր տնօրեններին զբաղվել իրենց գործով»:

Ժաննա Անդրեասյանն, այնուամենայնիվ, համոզված է՝ այն, ինչ կատարվում էր կրթական համակարգում մինչև 18 թիվը, հիմա չկա, ընտրական ցուցակներով դպրոցի տնօրենները չեն զբաղվում։

Մամուլը պարբերաբար գրում է իշխող ուժի շարքերն անցած դպրոցների տնօրենների մասին, բուհերի հոգաբարձուների խորհրդի ՔՊ-ական նախագահների մասին։

Բուհերի խորհուրդների կուսակցական նախագահների հարցը, ըստ նախարարի, կլուծի հավանաբար սեպտեմբերին ընդունվելիք օրենքը։ Ղեկավար պաշտոններում ու խորհուրդներում կուսակցականներ լինել չեն կարող։ Հիմա, ըստ Ժաննա Անդրեասյանի, անցումային շրջան է, բայց շեշտում է՝ առանց քաղաքական ազդեցության։

«Բոլոր բուհերը զերծ են որևէ կուսակցական և քաղաքական գործունեությունից, դա ես ձեզ վստահեցնում եմ 100 տոկոսով։ Չկա նման բան», - ասաց նա:

«Չունենք հայոց պատմություն, ունենք Հայաստանի պատմություն»

Քաղաքականությունից շատ չհեռանալով՝ լրագրողներից մեկը պատմության նոր դասագրքի մասին հարց ուներ՝ «օրերս մեր խմբագրություն լուսանկարներ էին ուղարկել իններորդ դասարանի հայոց պատմության դասագրքի»։

«Չունենք մենք հայոց պատմություն, ունենք Հայաստանի պատմություն», - արձագանքեց նախարարը։

Այս տարի դպրոց է մտնում ոչ թե հայոց, այս բառից նախարարը նյարդայնանում է, այլ Հայաստանի պատմությունը։ Առարկան վերանվանելու առաջարկը նախորդ տարի հենց կրթական գերատեսչությանն էր, այն հիմնավորմամբ, որ պետք է առաջ մղել պետականության գաղափարը։ Այժմ իններորդ դասարանի դասագիրքն է պատրաստ, և այն բոլորովին էլ ողողված չէ հեղափոխական Փաշինյանի լուսանկարներով, և այս գրքից բոլորովին էլ չի բացակայում Արցախյան շարժման մասին տեղեկատվությունը, դասագրքի վերաբերյալ արձագանքներին ի պատասխան զայրացավ տիկին նախարարը, մի պահ դարձավ ընկեր Անդրասյան. «Հարց տալուց առաջ բացե՞լ եք դասագիրքը»։

Ցույց տվեց Հայաստանի պատմության դասագիրքը՝ երկու էջ է հեղափոխության մասին, բացեց Արցախի էջը ու փակեց հարցը։ Այս էջում, ի դեպ, 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերի մասին ոչինչ չկար, իսկ 23 թվականի ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված 223 հոգու մասին տեղեկություն կար։ Այս դասագիրքը նախարարը համարում է որակյալ։

Այս տարի նույնպես մի շարք դասագրքեր չեն տպագրվել

«Ոչ թե շտապելն է ամենաառաջնայինը, այլ առաջնայինը որակն է»։

Չեն շտապում, և այդ պատճառով էլ այս տարի նույնպես մի շարք դասագրքեր չեն տպագրվել։ 10-րդ և 11-րդ դասարանցիներն այս կիսամյակում Հայաստանի պատմություն կուսումնասիրեն առանց դասագրքի, և ընդհանրապես ավագ դպրոցում քիմիայի, կենսաբանության, հանրահաշվի, բնագիտության, ռուսերենի, ֆրանսերենի նոր դասագրքեր չեն լինի։

«Մենք չենք ուզում գնալ կոմպրոմիսի, օրինակ, քիմիան և կենսաբանությունը կարևորագույն առարկաներ են, և եթե մենք մասնագիտական եզրակացություն չունենք, որ դրանք պատշաճ որակի են, չի կարող ուղղակի գիրք լինելու համար գիրք տպագրել և ուղարկել դպրոցներ, այսինքն սա նաև մեր սահմանած որակական շեմն է», - ընդգծեց նախարարը։

Ժաննա Անդրեասյանի պարզաբանմամբ՝ դպրոցներում այս առարկաները կուսուցանեն հին դասագրքերով, Հայաստանի պատմության, բնագիտության դեպքում հին դասագրքեր էլ չկան։ Այս դեպքում անհրաժեշտ նյութերի պաշար կա, որ ըստ նախարարի, դպրոցներում պիտի բաժանեն աշակերտներին։

Նախորդ տարի ահազանգեր կային, որ ծնողները ստիպված են գումարներ ծախսել պատճենահանման համար. - «Եթե որևէ ահազանգ կլինի կազմակերպման ընթացքի մտահոգությունների հետ կապված, պիտի առաջարկեն, որ դիմեն նախարարություն»։

Վերջին երեք տարում 220 նոր դասագիրք է տպագրվել։ Նոր «Այբբենարանները»՝ շուրջ 30 հազար առաջինցիների համար։ Կրթության նախարարը մեկ տասնյակ չտպագրված դասագրքերը խնդիր չի համարում, վստահ է՝ Սեպտեմբերի 1-ին ոչինչ չի խանգարի։





XS
SM
MD
LG