Մատչելիության հղումներ

«Երթուղու գործարկման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի տեսակետները դեռևս շատ հեռու են միմյանցից». Բրոերս


«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին (TRIPP) փոխարինում է «Զանգեզուրի միջանցքը» վերահսկելու ռուսական նախագիծը», - անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի կողմից վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրմանը՝ հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Լորենս Բրոերսը։

«Խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել. կա միայն արդեն համաձայնեցված պայմանագիր ստորագրելու պարտավորություն։ Ստորագրման համար ադրբեջանական նախապայմաններից մեկը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը բավարարվեց, բայց կան նաև այլ նախապայմաններ, որոնց իրագործումը շատ ավելի դժվար է կանխատեսել կամ կառավարել։
Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին (TRIPP) փոխարինում է «Զանգեզուրի միջանցքը» վերահսկելու ռուսական նախագիծը (ինչպես նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի մասին հայտարարության 9-րդ կետում)», - իր գրավոր մեկնաբանությունում նշել Բրոերսը:

Նա ընդգծել է՝ «եթե կա մեկ հարց, որի շուրջ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել տարիների ընթացքում, դա այն է, որ նրանք չեն ցանկանում, որ Ռուսաստանը մենաշնորհ ունենա իրենց միջև հակամարտությունը կառավարելու հարցում»: «Դա կարելի է դիտարկել որպես դրական արդյունք: Այնուամենայնիվ, այս երթուղու գործարկման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի տեսակետները դեռևս շատ հեռու են միմյանցից, և դեռ վաղ է ասել, թե այս տարաձայնությունները ինչ դրսևորում են ստանալու», - նշել է նա։

Փորձագետը նշել է, որ կան նաև մի քանի այլ խնդիրներ. - «Նախ, որքան ավելի շատ այս համաձայնությունը դիտարկվի որպես մեկ գերտերության հաղթանակ, կամ որպես Pax Americana, այնքան քիչ հավանական է, որ այն հաջողության հասնի: Պառակտված և մրցակցային միջավայրում աշխարհաքաղաքական գործողությունները նույնպիսի՝ աշխարհաքաղաքական արձագանքի են արժանանում: Այս հարցում կան երկու հնարավոր մրցակիցներ՝ Ռուսաստանն ու Իրանը, որոնք երկուսն էլ Կովկասում ունեն բազմաթիվ լծակներ, որոնք կարող են օգտագործել: Ռուսաստանն արդեն քննադատել է այս գործարքը, և մենք կարող ենք ակնկալել Ռուսաստանի ավելի ու ավելի երկարատև թշնամանք TRIPP պլանի նկատմամբ»։

«Հարց է նաև՝ եթե ԱՄՆ-ն հիմա ներգրավվի, կմնա արդյոք հանձնառու նաև այն ժամանակ, երբ խնդիրներն ու խոչընդոտները կկուտակվեն, իսկ դա անխուսափելիորեն տեղի կունենա։ Աշխարհագրորեն Եվրամիությունը մնում է հանձնառու, սակայն Բրյուսելը անտեսված է վաշինգտոնյան համաձայնագրերում», - նշել է Լորենս Բրոերսը։

Փորձագետն ընդգծել է նաև, որ «դեռևս պարզ չէ, թե ինչ են նշանակում այսօրվա համաձայնագրերը Ադրբեջան-Նախիջևան երթուղուց այն կողմ կապի համար»։ «Հայաստանը պնդել է փոխադարձության և նմանատիպ պայմանների վրա հայկական տարանցման համար Ադրբեջանի միջով, բայց TRIPP-ից բացի նման այլ երթուղու մասին չի հաղորդվել։ Եթե սա լինի ասիմետրիկ կապ, այն չի համարվի օրինական Հայաստանում և կդիտարկվի որպես «հաղթողի պարտադրած խաղաղություն»։ Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնյան հանդիպումներում կատարվեց զգալի քայլ առաջ մի քանի ամիս առաջ շրջանառվող ամենավատ սցենարներից, բայց դեռևս կա մեծ անորոշություն և անելիքներ», - նշել է նա։



XS
SM
MD
LG