Հայաստանի ապաշրջափակումը տեղի է ունենում, Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ-ն այսպիսով կունենա հնարավորություն՝ ունենալ երկաթուղային կապ արտաքին աշխարհի հետ և նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ:
Նաև, այո, վաղուց այդքան քննարկված հարցը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքավար հանրապետության միջև կապի խնդիրը լուծվեց՝ ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Սպիտակ տանը իր, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրված Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի համատեղ հռչակագրին:
Փաշինյանը նկատեց, որ պաշտոնական Երևանը մշտապես ասել է, որ միջանցքային տրամաբանության հետ կապված որևէ զարգացում չի լինելու և չկա, և չի կարող լինել:
«Ես խոսքի մեջ նկատեցի, որ ԱՄՆ նախագահն օգտագորեց corridor (միջանցք) բառը, բայց ես իմ ասուլիսում էլ ասացի, որ դա աշխարհում այնքան ընդունված բառ է, այն տրամաբանությունը, որ մենք ունենք այդ բառի հետ կապված, աշխարհում շատ սովորական է ընդունվում», - նշեց նա:
Վարչապետը շեշտեց, որ այսօր նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, որը շատ էական քայլ որակեց դեպի վերջնական ստորագրում:
«Հռչակագրում հստակ գրված է, որ մենք թշնամանքի էջը փակում ենք», - նկատեց Փաշինյանը:
Երկու երկրների արտգործնարարարները այդ հանդիպմանը ստորագրեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու դիմումը ուղղված ԵԱՀԿ-ին: Մեկնաբանելով այս դիմումը՝ Փաշինյանն ասաց, որ ՄԽ-ի գոյությունը կարող է կողմերի մոտ կասկած առաջացնել մյուս կողմի անկեղծության մասով: