Վրաստանի իրավապահները ձերբակալել են երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեին: Նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խոշոր չափերի փողերի լվացման համար։
Միկաուտաձեն իշխող թիմի անդամ է, փոխնախարարի պաշտոնն զբաղեցրել է 2017 թվականից մինչեւ 2024 թվականի փետրվար։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ փոխնախարարի պաշտոնում նա օգտագործել է իր ազդեցությունն ու կապեր եւ էներգետիկ ոլորտում «անօրինական կերպով որոշակի անձանց առավելություններ տրամադրել անձնական շահի դիմաց»:
Գերատեսչությունը պնդում է, որ նա ապօրինի ճանապարհով ձեռք է բերել բաժնեմասեր էներգետիկ ընկերություններում, հիդրոէլեկտրակայաններում։
«Պաշտոնապես այդ բաժնեմասերը գրանցված էին վստահելի անձանց անունով, բայց իրականում դրանք վերահսկվում էին հենց Միկաուտաձեի կողմից».- ասված է հաղորդագրությունում։
Նախկին պաշտնյայի անվան հետ կապվող կոռուպցիոն սխեմաների մասին տևական ժամանակ գրում էր Վրաստանի ոչ իշխանամետ մամուլը: