Թեհրանի արևելյան տարբեր շրջաններ կրկին Իսրայելի հարձակումների թիրախում են հայտնվել, հայտնում է «Ազատության» իրանական ծառայությունը: Հարձակման ենթարկված վայրերի վերաբերյալ մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Իսրայելի բանակը հայտարարում է, որ հարվածներ է հասցնում Թեհրանում գտնվող ռազմական թիրախներին։
Իսրայելը հայտարարել է, որ հարված է հասցրել Իրանի ներքին անվտանգության ծառայության շտաբ-բնակարանին։ Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հենց նոր «ոչնչացրել են իրանական ռեժիմի ներքին անվտանգության ծառայության շտաբը, որը համարվում է իրանական բռնապետի ռեպրեսիաների գլխավոր գործիքը»։
«Ինչպես խոստացել էինք, մենք շարունակելու ենք հարվածներ հասցնել Իրանի իշխանության խորհրդանիշներին և այաթոլաների ռեժիմին՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք», - ասել է Կացը:
Թեհրանը դեռ չի մեկնաբանել այս լուրը:
Իսրայելը հարվածել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր գրասենյակին, հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ամբողջությամբ անպաշտպան է, օդային պաշտպանություն առհասարակ չունի՝ կրկին պնդելով, որ Թեհրանը պետք է առանց նախապայմանների գործարք կնքի։