Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն այսօր Իրանի հարցով Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել:
Իրանի պետական հեռուստատեսությունը կոչ է արել ժողովրդին հեռացնել WhatsApp հաղորդագրությունների հարթակը իրենց հեռախոսներից՝ պնդելով, որ հավելվածը հավաքագրում է տեղեկություններ՝ Իսրայել ուղարկելու համար։ Հեռուստաընկերությունը որևէ կոնկրետ ապացույց, սակայն, չի ներկայացրել։
WhatsApp-ը այս պնդումները կեղծ է որակել և նշել՝ «մտահոգիչ է, որ դրանք մեր ծառայությունների արգելափակման պատրվակ կդառնան մի փուլում, երբ մարդիկ դրանց կարիքն ամենաշատն ունեն»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է՝ Իրանը ուղերձ է հղել Միացյալ Նահանգներին՝ նոր առաջադեմ հրթիռներով հարվածելով Իսրայելի թիրախներին, հայտնում է IRNA գործակալությունը։
ԻՀՊԿ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել չորեքշաբթի վաղ առավոտյան՝ նշելով, որ վերջին հարվածների ժամանակ օգտագործվել են «Ֆաթահ» հրթիռների առաջին սերնդի մոդելները, որոնք բազմիցս հաղթահարել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերը և «փոխանցել են Իրանի հզորության ուղերձը Թել Ավիվի պատերազմասեր դաշնակիցին, որն ապրում է պատրանքային ցանկությունների մեջ»։
«Այս գիշերվա հրթիռային հարվածը ցույց տվեց, որ մենք ամբողջությամբ վերահսկում ենք օկուպացված տարածքների օդային տարածքը, որոնց բնակիչները լիովին անպաշտպան են Իրանի հրթիռային հարվածների դեմ», - հայտարարել է ԻՀՊԿ-ն։
Նախօրեին ԱՄՆ նախագահը կտրուկ սրեց իր հռետորաբանությունը Իրանի գերագույն առաջնորդի հասցեին՝ սոցիալական ցանցում հայտարարելով, որ Ամերիկան գիտի՝ որտեղ է նա այժմ գտնվում, բայց «առայժմ» չի սպանի նրան։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարում է, որ Իսրայելն անտեսում է բոլոր միջազգայնորեն ընդունված կանոնակարգերը՝ զգուշացնելով, որ տարածաշրջանը կարող է երբեք կայուն խաղաղություն և անվտանգություն չտեսնել, եթե Իսրայելի ագրեսիան շարունակվի։
Երեքշաբթի օրը ԱՄԷ նախագահ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Փեզեշքիանն ասել է, որ սկզբից ինքը ձգտել է միասնության և համերաշխության՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանյան երկրների հետ համագործակցությամբ։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությամբ Իսրայելի ռեժիմը փորձել է խոչընդոտել Իրանի խաղաղության ջանքերը։