«Մեծ յոթնյակը» (Մեծ Բրիտանիա, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա և ԱՄՆ) երկուշաբթի տարածած հայտարարությամբ շեշտել է, որ Իրանը չպետք է երբևէ ունենա միջուկային զենք, իսկ Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք։
Երեքշաբթի վաղ առավոտյան Թեհրանում պայթյուններ են հնչել, արձանագրվել է ինտենսիվ հակաօդային պաշտպանություն, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Asriran լրատվական կայքի տվյալներով՝ հակաօդային համակարգերն ակտիվացել են նաև Նաթանզ քաղաքում, ուր տեղակայված են Իրանի առանցքային միջուկային օբյեկտները՝ Թեհրանից մոտ 320 կմ հեռավորության վրա։
Իսրայելում կեսգիշերից հետո օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում: Լսվել է նաև պայթյունի ձայն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական մեդիայում գրառմամբ հորդորել է Թեհրանի բնակիչներին անմիջապես լքել քաղաքը։
«Իրանը պետք է ստորագրած լիներ «այդ համաձայնագիրը»։ Ես նրանց ասել էի՝ ստորագրեք։ Ինչ ամոթ է ու ինչ անիմաստ մարդկային կորուստ։ Պարզ ասած՝ ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ Միջուկային ԶԵՆՔ։ Ես դա ասել եմ նորից ու նորից», - գրել է Թրամփը Truth Social հարթակում, - «Բոլորը պետք է անմիջապես տարհանվեն Թեհրանից»։
Իրանը ՄԱԿ-ում հայտարարել է՝ Իսրայելի հարվածների հարցում երրորդ երկրների ցանկացած օժանդակություն ու համագործակցություն «նրանց դարձնում է այս ճգնաժամի իրավական պատասխանատվության և հետևանքների մասնակից»։
Կոնկրետ երկրների անուններ, սակայն, Թեհրանի պաշտոնական ներկայացուցիչը չի տվել: