Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «մեկ հեռախոսազանգով» կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումները Իսլամական Հանրապետության վրա:
«Իսրայելը պետք է դադարեցնի իր ագրեսիան, և եթե մեր դեմ ռազմական ագրեսիան լիովին չդադարեցվի, մեր պատասխանները կշարունակվեն», - ասել է Արաղչին։
Իսրայելը սկսել է հարվածել Իրանի պետական հեռուստատեսությանը։ Թիրախավորումից առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել էր, որ շուտով Իրանի պետական հեռուստատեսությունն ու ռադիոն «կանհետանան»։ Մինչ այդ Իսրայելը տարհանման հրահանգ էր տվել Թեհրանի այն թաղամասի բնակիչներին, որտեղ գտնվում է հեռարձակողը։
Նեթանյահուն կոչ է անում Թեհրանի բնակչությանը տարհանվել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է անում Թեհրանի բնակչությանը տարհանվել, քանի որ առաջիկա ժամերին Իրանի մայրաքաղաքի ուղղությամբ կարող են նոր օդային գործողություններ ձեռնարկվել։
«Իսրայելի զինված ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը։ Մենք մեր երկու հիմնական նպատակներին հասնելու ճանապարհին ենք։ Դրանք են Իրանի միջուկային և հրթիռային սպառնալիքների վերացումը։ Մենք ասում ենք Թեհրանի բնակիչներին՝ տարհանվեք և անցնում ենք գործի»,-հայտարարել է Նեթանյահուն։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Անկարան հայտարարել է, թե Էրդողանն ու Պուտինը համաձայնել են, որ Իսրայել-Իրան հակամարտությունը պետք է ավարտվի՝ հնարավորություն բացելով դիվանագիտության համար։
Ավելի վաղ նաև Կրեմլի խոսնակն էր հայտարարել, թե Մոսկվան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Իսրայելի միջև առճակատումը հարթելու համար։