Թրամփն արգելել է Խամենեիին սպանելու ծրագիրը. Reuters
ԱՄՆ երկու պաշտոնյաներ Reuters-ին հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու՝Իսրայելի ծրագրի վրա։
«Իրանցիները ամերիկացու չեն սպանել, չէ։ Մինչև նրանք դա չանեն, մենք չենք էլ դիտարկում քաղաքական ղեկավարությանը թիրախավորելու հնարավորությունը», - ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
Երբ Reuters-ը այս մասին հարց է ուղղել Իսրայելի վարչապետին, Նեթանյահուն չի հերքել տեղեկությունը, միաժամանակ ասել է, թե չի ուզում այդ թեմայով խոսել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ հորդորելով անհապաղ միջոցներ ձեռնարկել և կանխել աղետը, որը «կարող է կրակի տալ տարածաշրջանը»։
Քիչ առաջ Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի արևելքում գտնվող Մաշհադ օդանավակայանին։ Թել Ավիվը պնդում է, թե սա ուրբաթ օրվանից ի վեր Իրանի ամենախորքը հասած հարվածն է:
The New York Times-ի կողմից ստուգված կադրերում երևում է՝ օդանավակայանում ծուխ է բարձրանում, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ է եղել թիրախում:
Իրանական պետական լրատվամիջոցները հայտարարում են, թե օդանավակայանի շենքը կամ թռիչքուղիները չեն վնասվել։
Նեթանյահուն կրկին սպառնում է
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Իրանը «շատ բարձր գին» կվճարի իսրայելցի խաղաղ բնակիչների մահվան համար։
Նեթանյահուն այցելել է Բաթ Յամ, որտեղ բնակելի շենքի հրթիռակոծությունից այսօր կանայք և երեխաներ էին զոհվել։ Նա կրկնել է, որ Իրանը «գոյութենական սպառնալիք» է Իսրայելի համար և հավաստիացրել, թե ռազմական գործողությունները կշարունակվեն, քանի դեռ այդ սպառնալիքը չի չեզոքացվել։