Մատչելիության հղումներ

եթերում Իսրայել-Իրան հակամարտությունն է՛լ ավելի է թեժանում. թարմացվող

Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ:

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Իրանում ևս երկու միջուկային օբյեկտ է տուժել, հայտարարել են ԱԷՄԳ ներկայացուցիչները։

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Թեհրանում հարվածել են ցենտրիֆուգների արտադրության կայանին և զենքի գործարաններին, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:

Տարածաշրջանը կարող է երբեք կայուն խաղաղություն և անվտանգություն չտեսնել, եթե Իսրայելի ագրեսիան շարունակվի, հայտարարել է Իրանի նախագահը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է՝ Իրանը ուղերձ է հղել Միացյալ Նահանգներին՝ նոր առաջադեմ հրթիռներով հարվածելով Իսրայելի թիրախներին:

16:27 15.6.2025

Իսրայելը «մեկ վայրկյան անգամ» չի դադարեցնում Իրանի վրա հարձակումները, հայտարարել է ՊՆ խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։

«Մենք այս պահին էլ շարունակում ենք հարվածել տասնյակ թիրախների Թեհրանում», - ասել է նա՝ այսօր կեսօրին հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում՝ առանց հավելյալ մանրամասների։

Ավելի վաղ ռազմական գերատեսչության խոսնակը նշել էր, որ Իսրայելը դեռևս ունի Իրանում հարվածելու համար նախատեսված թիրախների մեծ ցանկ։ Թել Ավիվը, սակայն, դեռ չի հստակեցնում՝ Իրանի դեմ գործողությունները որքան են շարունակվելու։

15:15 15.6.2025

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է, որ կսաստկացնի իր հարձակումները, եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Իրանին:

Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցը պնդել է, թե վերջին ժամերին թիրախավորել է Իսրայելի կործանիչների նավատորմի արտադրական օբյեկտները և վառելիքի մատակարարման ենթակառուցվածքները:

Իսրայելի զինված ուժերը, մինչդեռ, պնդում են, թե Իրանի հարվածների թիրախում են եղել քաղաքացիական բնակավայրերը:

15:07 15.6.2025

Մինչ Իսրայելն ու Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները, ամփոփենք՝

ինչ գիտենք և ինչ չգիտենք այս պահի դրությամբ։

Հայտնի է, որ գիշերը Իսրայելում իրանական հրթիռներից առնվազն 10 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Իրանի պետական հեռուստատեսությունը երեկ հաղորդեց, որ Թեհրանում միայն մեկ բազմաբնակարան շենքի փլուզումից զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա։

Իրանի նավթի նախարարությունը հայտնում է, որ մայրաքաղաքում գտնվող Շահրանի նավթամբարը նույնպես հայտնվել է իսրայելական հարվածների թիրախում։ Ըստ վերջին տեղեկությունների, չնայած տեղում լայնածավալ հրդեհ էր բռնկվել, նավթավերամշակման գործարանը շարունակում է գործել։ Այլ մանրամասներ իրանական աղբյուրները չեն հայտնում։

Տեղից BBC-ի լրագրողները հաղորդում են, որ իրանական պետական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են իրանական հարվածների հետևանքները, սակայն, սահմանափակ տեղեկություններ են տալիս Իրանի կրած վնասների մասին։

14:45 15.6.2025

Իրանը խնդրել է Կիպրոսին «որոշ ուղերձներ» փոխանցել Իսրայելին, հայտարարել է նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսը, հավելելով, որ ակնկալում է օրվա ընթացքում խոսել այդ երկրի վարչապետ Նեթանյահուի հետ։

Քրիստոդուլիդեսը չի նշել, թե կոնկրետ ում կողմից են եղել ուղերձները կամ ինչ է ասվել դրանցում։ Հայտնի է միայն, որ երեկ երեկոյան Կիպրոսի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ։

Ըստ նախագահի, Կիպրոսը նաև խնդրել է ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստ գումարել։


Բեռնել ավելին

XS
SM
MD
LG