Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը «գոյաբանական սպառնալիք է Իսրայելի և Եվրոպայի անվտանգության համար»։ Միաժամանակ, Ժան-Նոել Բարոն պնդել է, թե «այդ սպառնալիքը կանխելու, այն զսպելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է»։
Ավելի վաղ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել էին, որ պատրաստ են անհապաղ բանակցություններ սկսել Իրանի հետ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը լիցքաթափելու նպատակով։ Թեհրանն առայժմ չի արձագանքել։
Իսրայելական «El Al Airlines» ընկերությունը մեկ շաբաթով՝ մինչև հունիսի 23-ը, չեղարկել է չվերթները դեպի Եվրոպայի բազմաթիվ քաղաքներ, ինչպես նաև Տոկիո և Մոսկվա։
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունն էլ, ըստ տեղական լրատվամիջոցների, երկարաձգել է չվերթների չեղարկումը մինչև երկուշաբթի՝ Երևանի ժամանակով ժամը 02:00-ը:
Իսրայելական Բաթ Յամ քաղաքը՝ Իրանի հարվածներից հետո.
Իսրայելի կառավարության տվյալներով՝ ուրբաթ օրվանից Իրանը մոտ 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, 22 դեպքում դրանք հասել են իրենց թիրախներին՝ խուսափելով հակաօդային պաշտպանությունից։ Այսօր կեսօրի դրությամբ, իրանական հրթիռային հարվածներից Իսրայելում զոհվել է 13 մարդ, մոտ 400 մարդ վիրավորվել է, որոնցից 9-ը ծանր վիճակում են։
Իրանի պաշտոնյաներից մեկը BBC-ի հետ զրույցում հաստատել է, որ Իսրայելի վերջին հարվածներից տուժել է նաև Պաշտպանության նախարարության՝Սպահանի կենտրոնում գտնվող կենտրոնակայանը։
Սպահանի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ակբար Սալեհին նշել է, որ մինչ այժմ զոհերի մասին չի հաղորդվել, ներկայումս գնահատվում է հասցված վնասը։