Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վադանյանի և մյուս նախկին պաշտոնյաների դեմ մեղադրանքներն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունեն, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը:
«Ազատություն»․ - Ի՞նչ իրական ռիսկերի է բախվում Ռուբեն Վարդանյանը ոչ միայն իրավական առումով, այլև ֆիզիկապես։ Որո՞նք են վերջին նորությունները նրա առողջության մասին երկու հացադուլներից և նաև հաշվի առնելով բանտային պայմանները։
Ջարեդ Գենսեր․ - Ես կսկսեի բանտային պայմաններից, որոնք սարսափելի են ոչ միայն նրա, այլև իրականում բոլոր հայ գերիների համար։ Սա հայտնի փաստ է։ Նա ակնհայտորեն հսկայական քաշ է կորցրել կալանքի տակ հայտնվելուց ի վեր և ունեցել է մի շարք տարբեր առողջական խնդիրներ։ Մենք հատկապես մտահոգված ենք, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն այլևս չի կարողանում այցելել ո՛չ Ռուբենին, ո՛չ մյուս հայ բանտարկյալներին։ Նրանք անկախ աղբյուր էին, կարողանում էին շփվել նրա հետ և մտահոգություններ հայտնել իշխանություններին բանտային պայմանների վերաբերյալ։ Անկախ դիտորդների բացակայությունը, ակնհայտորեն, մեծ մտահոգություն է առաջացնում։ Գիտեք, օրինակ, Ռուբենը և մյուսները նույնիսկ Աստվածաշունչ չեն կարող ունենալ։
«Ազատություն». - Նրանք վերցրե՞լ են այն նրանից։ Որովհետև նա նախկինում ինչ-որ բան ուներ իր ձեռքում։ Մենք տեսնում էինք դա կադրերում. ինչ-որ բան էր կարդում։
Ջարեդ Գենսեր․ - Դատավարության ընթացքում՝ այո։ Բայց այն իր համար հասանելի չէ բանտային համակարգում։ Չնայած պետք է ունենա դա անելու բոլոր իրավունքները։ Որպես Վարդանյանի միջազգային փաստաբան, ես իրականում չեմ կարողացել կապ հաստատել իր հետ կամ նույնիսկ մեկ զրույց ունենալ, ինչը, իհարկե, միջազգային իրավունքի խախտում է։ Բայց կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ եթե նայեք Ռուբենի և Արցախի մյուս նախկին պաշտոնյաների դեմ գործերին, ապա կտեսնեք, որ մեղադրանքները ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունեն և իրականում ոչ մի կապ չունեն որևէ բանի հետ, բացի այն փաստից, որ ղեկավարելով Լեռնային Ղարաբաղի կառավարությունը՝ նրանք ի ցույց էին դնում իրենց կարծիքի և արտահայտման ազատության, խաղաղ հավաքների, խաղաղ միավորումների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Եվ Ալիևը բավականին հստակորեն ձգտում էր 200 հազար մարդկանց՝ հայ քրիստոնյա բնակչությանը վտարել էթնիկ զտման միջոցով։ Եվ սա, կարծես, քարոզարշավի սկիզբն էր։ Նա նաև, իհարկե, հետապնդեց Ռուբենի նման շատ նախկին ղեկավարների, ստիպեց, որ կառավարությունը ինքն իրեն լուծարի, որպեսզի այն այլևս գոյություն չունենա։ Եվ այս ամենը շատ երկարատև ծրագրի մի մասն է և նա տարիներ շարունակ հայտարարել էր, որ մտադիր է իրականացնել։ Այսպիսով, Ռուբենի և մյուսների դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Եվ երբ հիմա նայում եք Ռուբենի դեմ առաջադրված ավելի քան 40 մեղադրանքներին, ապա կտեսնեք, որ դրանք ենթադրյալ հանցագործությունների համար են, որոնց հետ նա բառացիորեն որևէ կապ չի ունեցել։ Նույնիսկ այսպես կոչված դատավարության վկաները չեն ասում, որ նա որևէ կերպ ներգրավված է եղել, հենց այդ պատճառով դա ավելի ծիծաղելի է։
Գործերը քննվում են ռազմական դատարանում, բայց միջազգային իրավունքի համաձայն՝ քաղաքացիական անձը չպետք է դատվի ռազմական դատարանում։ Իրականում, դա անօրինական է միջազգային իրավունքի համաձայն, որովհետև ռազմական դատավորը, դատախազները անկախ և անաչառ չեն։ Նրանք հաշվետու են գլխավոր հրամանատարին, որը, այս դեպքում, իհարկե, նախագահ Ալիևն է։ Այսպիսով, արդյունքը նախապես որոշված է։ Վերջնարդյունքում Ռուբենը կդատապարտվի, մյուսները՝ կդատապարտվեն։ Եվ այս հարցը, վերջին հաշվով, ավելի շատ քաղաքական հարց է, այսինքն՝ ինչպե՞ս նրանց դուրս հանել այնտեղից, ինչպե՞ս բանտից դուրս հանել բռնապետերի կողմից կալանավորված քաղբանտարկյալներին։
«Եթե գերիները չազատվեն խաղաղության համաձայնագրի կնքման հետ միաժամանակ, ապա նա ապագայում չի կարողանա բարձրացնել գերիների հարցը»
«Ազատություն»․ - Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի կառավարության մինչ այժմ ձեռնարկած գործողությունները։ Արդյոք նրանք բավարար չափով ջանքեր են գործադրո՞ւմ կամ ընդհանրապես որևէ բան անում Ռուբեն Վարդանյանի և մեր կալանավորվածների ազատ արձակման համար։
Ջարեդ Գենսեր․ - Դե, գիտեք, անցյալում ես բավականին բաց և քննադատաբար եմ խոսել այն ջանքերի բացակայության մասին, որը մենք հրապարակայնորեն տեսել ենք այն առումով, թե ինչ է անում Հայաստանի առավարությունը։ Եվ ես վարչապետ Փաշինյանին մի շարք գաղափարներ եմ ներկայացրել այն մասին, թե ինչպես նա կարող է ավելի հրապարակայնորեն ներգրավված լինել։ Ես ակնհայտորեն մտահոգված էի արտգործնախարարի վերջին մեկնաբանություններով, որ բանտարկյալների իրավիճակի վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում։ Բայց դա պատմության ավարտը չէ: Շատ կարևոր է ընդգծել, որ Թրամփի օրոք Սպիտակ տունը, ըստ էության, ուղղակիորեն շփվում է Ալիևի հետ նաև այս հարցերի շուրջ։ Այսպիսով, դա միայն Հայաստանի գործը չէ։
Գիտեք, կարծում եմ՝ շատ, շատ կարևոր է գնահատել և ընդգծել վարչապետ Փաշինյանի համար, որ նա, գիտեք, ակնհայտորեն այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Նա պատրաստվում է ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Բայց հենց այն ներառում է մի դրույթ, որն ասում է՝ երկու կողմերը հետ կվերցնեն բոլոր հայցադիմումները միջազգային դատարաններից և այլևս չեն կարողանա բարձրացնել այդ հարցերը։ Սա նշանակում է, որ եթե գերիները չազատվեն մինչև այդ՝ համաձայնագրի կնքման հետ միաժամանակ, ապա նա ապագայում չի կարողանա բարձրացնել գերիների հարցը։ Սա նշանակում է, որ գերիները թակարդված կմնան Ադրբեջանում, իսկ Ալիևը կկարողանա անել այն, ինչ ուզում է։
«Գերիների վերաբերյալ գործարքը, հավանաբար, միայն Երևանի և Բաքվի միջև չի լինելու, ԱՄՆ-ը այստեղ կարևոր դեր է խաղալու»
Ջարեդ Գենսեր․ - Ես գիտեմ, որ մի շարք մարդիկ, ովքեր հանդիպել են Փաշինյանի հետ վերջին, ասենք, վեց ամսվա ընթացքում, նրան հասկացրել են, որ նախագահ Թրամփը այլ դիրքորոշում ունի այս հարցերի վերաբերյալ, քան՝ նախագահ Բայդենը։ Դա իսկապես կարևոր առաջնահերթություն է։ Դա կարևոր առաջնահերթություն է նաև նախագահի ընտրազանգված կազմող ավետարանչական քրիստոնյաների համար։ Եվ սրանք այն ուղերձներն են, որոնք, ինչպես ես հասկանում եմ, Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները փոխանցում են նաև Փաշինյանին։ Այսպիսով, վերջին հաշվով, գերիների վերաբերյալ գործարքը, հավանաբար, միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինելու։ Միացյալ Նահանգները այստեղ կարևոր դեր է խաղալու։ Եվ ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը դա տեսնում է։ Մենք ևս տեսանք, երբ Սթիվ Վիտկոֆը գնաց Բաքու Ալիևի հետ հանդիպելու։ Այսինքն՝ նախագահ Թրամփը տեսնում է, որ կա համաձայնագրի հասնելու հնարավորություն։ Եվ նա հասկանում է, որ գերիները պետք է լինեն այդ գործընթացի մի մաս՝ նախքան կամ միաժամանակ։ Այնպես որ, կարծում եմ, որ այս պահին դա շատ ավելի լայն ու ավելի մեծ հարց է, քան միայն Փաշինյանը և նրա հնարավոր անելիքները։ Բայց ակնհայտ է, որ նա պետք է խրախուսի դրանում նախագահ Թրամփին, որպեսզի բոլոր գերիները ազատ արձակվեն․․․ կարծում եմ, որ դա այն է, ինչ նա պետք է անի և՛ հրապարակավ, և՛ մասնավոր կերպով։