«Գերիների, ապօրինի պահվող անձանց և ընդհանրապես, հումանիտար հարցերը մեծ օրակարգի կարևոր մաս են, ցավոտ մաս են», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Երևի այն եզակի հարցերից են, որտեղ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ։ Ուրախ լուրեր հայտնելու տեղ չունենք, - ասաց Միրզոյանը, հավելելով, - մենք կարծում ենք, որ եթե մեզ հաջողվի վերջնական, ստորագրված խաղաղություն, մի հայտարարի կգանք ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացում, և ընդհանրապես, առաջ կգնան մեր հարաբերությունները, վստահ ենք, որ, եթե մինչ այդ հարցերը չստացվի լուծել, գոնե, այդ պահին բարենպաստ միջավայր կլինի, այդ հարցերը լուծելու համար»։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ: Ադրբեջանական բանտերում պահվող հայերից 5-ը գերեվարվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Մյուս 18-ը, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, պատանդառվել են 2023-ին:
Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ 23-ից 7-ի նկատմամբ Բաքվի դատարաններն արդեն մեղադրական դատավճիռներ են կայացրել, որոնք ուժի մեջ են մտել: Մյուս 16-ի գործերով Բաքուն երկու առանձին դատական գործընթաց է նախաձեռնել՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացնելով մյուս 15-ի գործից: