Մատչելիության հղումներ

Թրամփը Պեկինին մեղադրում է մաքսատուրքերի հարցով պայմանավորվածությունները խախտելու մեջ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրում է մաքսատուրքերի հարցով պայմանավորվածությունները խախտելու մեջ։

«Երկու շաբաթ առաջ Չինաստանի տնտեսությունը լուրջ խնդիրների մեջ էր։ Իմ կողմից սահմանված շատ բարձր մաքսատուրքերը գործնականում Չինաստանի համար անհնարին դարձրին առևտուրը Միացյալ Նահանգների հետ, որն, անկասկած, աշխարհի թիվ մեկ շուկան է։ Մենք, ըստ էության, ամբողջությամբ դադարեցրել էինք առևտուրը Չինաստանի հետ, ինչը կործանարար էր նրանց համար»,- Truth Social սոցցանցի իր էջում գրել է Թրամփը և հավելել, որ այդուհանդերձ որոշեց մեղմել իր դիրքորոշումը և «արագ գործարք կնքել Չինաստանի հետ՝ փրկելու այն իրավիճակից, որը շատ վատ էր լինելու նրանց համար»:

«Այդ համաձայնագրով իրավիճակը արագ կայունացավ, և Չինաստանը վերադարձավ իր սովորական գործունեությանը։ Բոլորը երջանիկ էին։ Սա լավ լուրն է։ Վատ լուրն այն է, որ Չինաստանը, գուցե ոմանց համար զարմանալի չէ, ամբողջովին խախտեց մեր պայմանավորվածությունները։ Այսպիսով, ես այլևս «Լավ Տղա» չեմ լինի», - գրել է Թրամփը առանց փակագծեր բացելու։

«Ռոյթերզ»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև վերջերս կնքված համաձայնագիրը 90 օրով կրճատում է եռանիշ մաքսատուրքերը, ինչը հսկայական աճ ապահովեց համաշխարհային ֆոնդային շուկաներում։ Սակայն այդ պայմանավորվածությունը որևէ կերպ չի անդրադարձել չինական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու Թրամփի վարչակազմի հիմնական պատճառներին՝ չինական տնտեսությունում երկրի գերիշխող դերի տեսանկյունից։ Կողմերը որոշել են այդ հարցը ապագայում քննարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG