Վանաձորցի Տիգրան Գևորգյանը 10 տարի առաջ սովորական 17-ամյա մի պատանի էր՝ ծրագրավորող դառնալու երազանքներով ու ապագայի պլաններով, մինչև այն դժբախտ օրը, երբ ջահելական վիճաբանությունը, դասընկերոջը պաշտպանելը նրան գրեթե մահվան դուռը հասցրեցին: Մի պատմություն, որ մոռանալ է ուզում՝ ինչպես է դանակահարվելուց հետո սիրտը 15 րոպե կանգ առել: Ինչպես են բժիշկները «հրաշք» անվանել Տիգրանի ողջ մնալը: Բայց այդ հրաշքն ունի իր գինը՝ աչքերի լույսը։
Տիգրանը հավատում է հրաշքներին, ոչ միայն այն պատճառով, որ ողջ է մնացել։ Հինգ տարվա խավարից հետո հասկացել է՝ խավարը միշտ չէ, որ վերջ է նշանակում:
Ծրագրավորման փոխարեն հոգեբանություն է ընտրել։ Որովհետև ծանոթ էր ցավին, որ ուրիշներն էլ են ապրում: Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի համալսարանի բուժական ֆիզկուլտուրայի բաժինը։ Զուգահեռ՝ նաև Վանաձորի պետական համալսարանի հոգեբանության բաժինը: Այժմ մագիստրատուրայի ուսանող է, մասնագիտանում է մարմնակողմնորոշիչ թերապիայում և Լոռու մարզի Վահագնի գյուղի «Քո կողքին» կրթական-վերականգնողական նորաբաց կենտրոնում աշխատում է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ։
Իր առաջին այցելուն ապրելու ցանկություն չուներ։ Տիգրանի պատմությունը՝ տեսողական խնդիրների, 15 րոպե կանգ առած սրտի ու վերակենդանացման մասին՝ առաջին պահից փոխեց ամեն ինչ: Երկու-երեք հանդիպումն արդեն բավարար էր, որ մարդը գտներ հավատը՝ սեփական ուժերի նկատմամբ, պատմում է Տիգրանը:
Նրա ամենամեծ հաղթանակը տեսողության կորուստը հաղթահարելու մասին չէ, այլ՝ միջավայրի վերաբերմունքի փոփոխության մասին։ Ամենակարևորը, որ կարողացել է հաղթահարել, այն է, որ որևէ մեկն իրեն խղճահարությամբ չի վերաբերվում։
Երբևէ հնարավո՞ր է աչքերի լույսը վերականգնվի։ Ժպտում ու ասում է, որ եթե այսքան հրաշքներ եղել են իր կյանքում, ապա ինչո՞ւ՝ ոչ։ Բայց եթե չվերականգնվի էլ, նա արդեն գտել է այն լույսը, որն անհրաժեշտ է ինչպես իրեն ապրելու, այնպես էլ ուրիշներին փոխանցելու համար։
Ավելի մանրամասն «Ազատության» տեսանյութում.