Ամբողջ դպրոցով՝ մեկ մանկավարժի դեմ. ծնողներ, աշակերտներ երեկ ուղիղ եթերում տարբեր կողմերից շրջափակելով պատմության ուսուցչին՝ նրա հասցեին մեղադրանքների, կոպիտ արտահայտությունների ու վիրավորանքների այնպիսի տեղատարափ սկսեցին, որ կինը չկարողացավ արցունքները զսպել: Ամղկահարույց միջադեպից մեկ օր անց միայն Կրթության նախարարությունը խախտեց լռությունը՝ տեղեկացնելով, որ որոշել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հեռացնել աշխատանքից:
Դատապարտելով տեղի ունեցածը գերատեսչությունն արձանագրում է՝ ուսուցչի նկատմամբ անթույլատրելի վերաբերմունք է դրսևորվել:
Ուղիղ եթերում վիրավորում էին շրջափակված Ռոզա Դավթյանին, ինչի մեջ ասես չմեղադրելով՝ վարքը վատն է, դասապրոցեսը ճիշտ չի իրականացնում, դասի ժամանակ ծամոն է ծամում, երաժշտություն է միացնում և այսպես շարունակ: 57 -ամյա մանկավարժը համառորեն հերքում էր պնդումները, մյուս բոլոր կողմերից, սակայն, շարունակվում էին բղավոցները: Քիչ անց միանում են նաև աշակերտները՝ փողոցային բառապաշար օգտագործելով, արայից մինչև հորս արև. չափահասները ոչ միայն չեն սաստում, այլև ձայնակցում են:
7 -րդ դասարանցիներից մեկը ձեռքի ակտիվ ժեշտերով է խոսում ու նույնիսկ սուլում ուսուցչին, ընկերները ծափողջյուններով են արձագանքում ու վիրավորում:
Դպրոցի ղեկավարությունը, ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները պահանջում են, որ 57-ամյա Ռոզա Դավթյանն այլևս չդասավանդի այս դպրոցում՝ պնդելով, թե նրա հետ աշխատել չեն կարողանում: Ինքը՝ դեկտեմբերից այստեղ աշխատանքի անցած ուսուցիչը, իր հասցեին մեղադրանքները զրպարտություն է համարում:
Դպրոցից ուղիղ հեռարձակումն ավարտվում է քիչ անց սոցցանցերը հեղեհղվում են վրդովված մարդկանց գրառումներով, քննադատում են ուսուցչի հանդեպ այսպիսի պահվածքը:
57-ամյա Ռոզա Դավթյանը կատարվածից հետո այսօր չէր կարողացել դասի գնալ, սիրտ չուներ: Արմավիրում մեն-մենակ ապրող կինը դեռ ուշքի չի եկել կատարվածից: Նեղսրտած կինը պատմում է՝ իր հանդեպ վատ տրամադրվածություն զգացել է դեկտեմբերից, երբ նոր-նոր էր մրցույթն անցնելով աշխատանքի անցել, կարծում է, այս ամենի պատճառն այն է, որ ինքը դրսից է, նոր մարդ, իսկ իր հաստիքում դպրոցում այլ մարդու էին ցանկանում տեսնել:
Չնայած դպրոցում իրեն սվիններով են ընդունում Դավթյանը նահանջել չի պատրաստվում՝ ասում է՝ կհանդուրժեմ: Դպրոցի տնօրենի պաշտոնակատարը, որին հեռացնելու որոշում է կայացվել մեր հարցերին չպատասխանեց, նրա տեղակալն ասաց, թե լավ չի զգում իրեն: Դպրոցում աշխատող մանկավարժներին մեկ հիմնական հարց ունեինք.
Փոխտնօրեն Անուշ Ասատրյանն էլ պնդում է, թե կոլեգաները Դավթյանին հետ խնդիրներ չունեն:
Վաղը Դավթյանը դասի կգնա, թե՝ ոչ. առայժմ չի կողմնորոշվել, մինչ այդ իրեն փնովող երեխաների գրավորները տանը կստուգի: Իսկ ուսուցչին անհարգալից վերաբերմունք ցույց տված երեխաները տանը գոնե երկու կոշտ խոսք մեծերից լսե՞լ են, հայտնի չէ: Ամեն դեպքում նրանցից մեկն այսօր տեսախցիկի առջև գլխիկոր, դեմքը փակելով էր անցնում: